Երևանում պատրաստել են աշխարհի ամենաերկար գաթան՝ յուրահատուկ բաղադրատոմսով: «Պանդոկ Երևանի» Տերյան մասնաճյուղի դիմացի հատվածի ողջ երկայնքով տեղի է ունեցել գաթայի համտես-հյուրասիրությունը, որին ներկա է գտնվել նաև NEWS.am STYLE-ը:
Ի դեպ, աշխարհի ամենաերկար գաթան ունի 4000 սմ երկարություն և 40 սմ լայնություն: Դրա պատրաստմանը մասնակցել է 3-5 հրուշակագործ, իսկ պատրաստման գործընթացը սկսվել է մեկ շաբաթ առաջ, բայց թխվել է 2 օրում:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Yeremyan Projects կազմակերպության PR մարկետինգի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է՝ ներկայացնել հայկական ավանդական գաթան նորովի.
«Մեր կազմակերպությունն իր գործունեության ընթացքում միշտ կարևորել է հայկական մշակութային արժեքների պահպանումը: Այս նախաձեռնությունն էլ այս ամենի շրջանակներում է: Մեր նպատակն է երևանցիներին և մեր հյուրերին, զբոսաշրջիկներին ներկայացնել մեր գաթան, որը մեր մշակութային արժեքներից է: Այն մեր ավանդական ծիսական աղանդերից է, որը ներկայացված է ամենաերկար տարբերակով: Մեզ համար սկզբունքային է վերցնել ավանդականն ու ներկայացնել նորովի»,- հավելեց նա: