«Արմենիա TV»-ն շաբաթ օրվանից սկսում է երեկոյան նոր շոու` «Երեկոյան Ազոյան», որի շրջանակում Հովհաննես Ազոյանը կհյուրընկալի հասարակության համար հետաքրքիր մարդկանց` քաղաքական գործիչների արվեստի, էստրադայի ներկայացուցիչների և տարատեսակ խաղերի, հարցադրումների միջոցով նրանց կներկայացնի նոր տեսանկյունից։ Tert.am Life-ը ներկայացնում է նոր նախագծի մանրամասները։
Ստեղծագործական թիմը փաստում է, որ «Արմենիա TV»-ն շոուներ անելու բազմամյա փորձ ունի, այս ձևաչափը նոր չէ իրենց համար։ Առաջին այսօրինակ նախագիծը` «Բեռնարդ շոուն», արել են ավելի քան 10 տարի առաջ, երբ հասարակությունը առաջին անգամ հայկական եթերում տեսավ նման ձևաչափ։
Հաղորդավար Հովհաննես Ազոյանի համար ևս ձևաչափը նոր չէ, տարիներ առաջ նա ներկայացել է «Հովոշոուի» շրջանակում։ Հաղորդավարական տևական դադարից հետո նա եթեր է վերադառնում, ինչպես ինքն է նշում, ավելի հասունացած։
«Ես մեծացել եմ։ Չեմ բոյովացել, բայց ներքուստ մեծացել եմ։ Նկարահանումները նոր ենք սկսել, ես էլ եմ ուզում տեսնել, թե ինչպիսին կլինեմ այս նախագծում։ Կարծում եմ` փոփոխությունն ակնհայտ կլինի։ Նման հաղորդումներ վարելը մի քիչ հասունություն է պահանջում։ Կարծում եմ` տարիների ընթացքում հասունացել եմ»,- ասաց նա։
Խոսելով նախագծի ձևաչափի մասին` Հովհաննեսը նկատեց, որ սա բավականին հին ձևաչափ է ամբողջ աշխարհում։ «Այսպիսի շոու կա ԱՄՆ-ում, Ռուսաստանում և, գրեթե, բոլոր մյուս երկրներում։ Ամեն ինչ արել ենք, որպեսզի հաղորդումը լինի հումորով, ուրախ, ժամանցային և արժեքավոր Հայաստանի շուկայի համար։ Ամեն ինչ հումորի համար է, սակայն ունենք հստակ սահման։ Հյուրերին փորձելու ենք դնել արտասովոր իրավիճակներում, բայց հաղորդման նպատակը հյուրերին ձեռք առնելը չէ։ Մարդն արժեք ունի և պետք է զգույշ վերաբերել մարդուն»,- նշեց նա։
Շոուի երկրորդ հաղորդավարը Մհեր Խաչատրյանն է։ Վերջինս ասաց, որ փորձելու են հեռուստադիտողների համար շաբաթ երեկոյան ապահովել լավ, ուրախ, ծիծաղելի ժամանց։ «Երեկոյան շոուների 90 տոկոսում լինում է համահաղորդավար։ Հուսով եմ ` ներկայաությունս ավելորդ չի լինի,- ասաց նա ու հավելեց, որ փորձում է մասնակցել նաև ստեղծագործական ընթացքին,- Հաճելի է մասնակցել այդ պրոցեսին։ Շատ հաճելի է, որ ունենք այնպիսի թիմ, որի անդամները քննարկում և ընդունում են լավ առաջարկները»։
Ամբողջությամբ՝ life.tert.am