Tatron-drama.am կայքի հիմնական նպատակը դասական, արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները մեկ ընդհանուր հարթակ բերելն է: Այն բարենպաստ պայմաններ կստեղծի ազգային թատրոնի և ազգային դրամատուրգիայի փոխհամագործակցության համար: Կայքը տեսական հոդվածների, հրապարակումների միջոցով կներկայացնի ժամանակակից թատերական կյանքի հիմնախնդիրները և հետագա զարգացման միտումները:
Tatron-drama.am-ի ստեղծման մասին մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեցին կայքի հիմնադիր Կարինե Խոդիկյանը և կայքի դիզայներ Նառա Վարդանյանը:
«Կայքի հիմքը «Դրամատուրգիա» ամսագիրն է, որը լույս է տեսնում 2000 թվականից: Այս տարիներին ամսագիրը մեծ շտեմարան է ստեղծել, ուստի մտածեցինք` ժամանակն է ընդլայնել դրա ճանաչման սահմանները: Անցյալ տարի մամուլի աջակցության նախագծում կար դրամաշնորհային ծրագիր մշակութային ուղղվածություն ունեցող էլեկտրոնային լրատվամիջոցի համար: Գրեցի կայքի ծրագիրը, և այն ընդունվեց: Ուզում եմ, որ սա դառնա հայ դրամատուրգի տունը»,- նշել է Խոդիկյանը:
Նրա խոսքով`եթե կարողանան վիրտուալ աշխարհում ստեղծել մի փոքրիկ տարածք, որտեղ մարդիկ ոչ միայն պիեսներ կփնտրեն բեմադրելու, այլև պարզապես ծանոթանալու, կարդալու նպատակով, ապա իրենց խնդիրը որոշ չափով լուծված է:
Խոդիկյանը հավելեց, որ ծրագրել է նաև վիրտուալ մատենաշար ստեղծել, որտեղ ներկայացվող առաջին հեղինակը կլինի Լևոն Շանթը, հետո` Հակոբ Պարոնյանը: Մատենաշարը լիարժեք և բովանդակալից ներկայացնելու համար Կարինե Խոդիկյանն ու իր թիմը կհամագործակցեն Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ:
Կայքի դիզայներ Նառա Վարդանյանն ասաց, որ կայքը ստեղծելիս փորձել են հնարավորինս մատչելի և հասանելի կառուցել այն:
««Դրամատուրգիա» բաժնում առանձնացվել են թարգմանական և այլ պիեսներ: Կայքում կարելի է գտնել «Դրամատուրգիա» հանդեսի արխիվը: «Թատրոն» բաժնում ներկայացվելու են թատերական անցուդարձները, ներկայացումները, կլինեն վերլուծություններ, հոդվածներ, ապագայում նաև հարցազրույցներ:
«Պատկերասրահ» բաժնում կզետեղվեն տարբեր ներկայացումների լուսանկարները: Առանձնացվել է «Գրադարակ» բաժինը, որտեղ հնարավոր կլինի գտնել թատերական գրականությունը, իսկ «Աֆիշա» բաժնում կտեղադրվեն բեմադրվող պիեսների պաստառներ»,-շեշտեց Վարդանյանը:
Կայքին կարելի է հետևել ֆեյսբուքի միջոցով:
Tatron-drama.am-ի առջև դրված խնդիրները հետևյալն են` թատերական միտումների վիրտուալ ստեղծում, կայքի էջերի հրապարակումներով նեղ մասնագիտական շրջանակից բացի` մերձթատերական հասարակական շերտի ներգրավում:
Ընդհանուր հարթակ ստեղծելով բեմադրիչների և թատերագիրների համար, նպաստել երկուստեք ստեղծագործական փոխադարձ հետաքրքրությանը և հետագա համագործակցությանը: Կայքում ստեղծված պիեսների շտեմարանը կօգնի բեմադրիչներին գնել իրենց հետաքրքրող ստեղծագործությունը:
Դասական և ժամանակակից հեղինակների պիեսների տեքստերի, ինչպես նաև թարգմանական գործերի հրապարակում, ստեղծվող շտեմարանի հիմքը 2000 թվականից պարբերաբար տպագրվող «Դրամատուրգիա» հանդեսն է:
Կայքը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: