ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամը (NEA) նախորդ տարվա սեպտեմբերին պարգևատրել է հայկական քանդակադրոշմի վարպետ Նորիկ Աստվածատուրովին։ Այն մասին, թե ինչպես է հայկական քանդակադրոշմը դարձել ամերիկյան արվեստի մի մաս, և Ադրբեջանում պատվերների մասին արվեստագետը պատմել է «Հաջողության գաղտնիքը» հեղինակային նախագծի շրջանակում։
Քանդակադրոշման հայկական դպրոցի ներկայացուցիչ Նորիկ Աստվածատուրովն արդեն 25 տարի է` ապրում է Ամերիկայում, որտեղ բազմիցս հեղինակավոր մրցանակների է արժանացել։ Իսկ նախորդ տարի նրան պարգևատրել է ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամը։
Նորիկը ծնունդով Բաքվից է, Ադրբեջանում հայերի ջարդերի ժամանակ նա ընտանիքի հետ փախել է Հայաստան, հետո՝ ԱՄՆ։ Նշենք, որ նա հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան-Տերկոտի՝ «Գաղթ դեպի անհայտություն» գրքի հեղինակի հայրն է։ Աստվածատուրյան-Տերկոտը քարոզում է աջակցությունը Արցախին, նաև բարձրացնում է Ադրբեջանում հայատյացության խնդիրը։ Չնայած բազմաթիվ խոչընդոտների, որոնք Նորիկը հանդիպել է կյանքի ընթացքում, նա չի կորցրել ոչ միայն հումորի զգացումը, այլև կեսուրախությունը։
Այն մասին, թե ինչպես է նա հասել իր «ամերիկյան երազանքին» ու ինչ նշանակություն ունի այն արվեստագետի համար, նա պատմել է Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։
Նորիկ Աստվածատուրով
– Նորիկ, որքան գիտեմ, հեշտ չէ Ամերիկայի Ազգային հիմնադրամի մրցանակին արժանանալ․․․
– Այո, NEA-ն տարեկան ազգային արվեստով զբաղվող ութ-ինը մարդու է պարգևատրում։ Իսկապես դժվար է այդ մրցանակը ստանալ։ Ընդ որում՝ չես կարող ինքդ հայտ նեկայացնել, ինչ-որ մեկը պետք է դա քո փոխարեն անի։ Որպես կանոն՝ մարդիկ տարիներով սպասում են, ինձ համար զարմանալի էր, որ ընդամենը մեկ տարի անց ստացա մրցանակը։ Անկեղծ ասած, շատ ուրախացա, հիմա հայկական քանդակադրոշմը ամերիկյան արվեստի մի մասն է։
– Ե՞րբ եք սկսել զբաղվել դրանով։
– Մանկուց։ Դեռ պատանի էի, երբ քանդակում էի փայտի, քարի վրա, հետո արդեն սկսեցի մետաղով աշխատել։ Հիշում եմ, երբ հայրս Հայաստան էր գնում, խնդրեցի այնտեղից քար բերել, իսկ նա տուֆի փոխարեն բազալտ էր բերել, իսկ բազալտի վրա շատ դժար է աշխատել (ծիծաղում է)։
Հետո աշխատանքի անցա մի գովազդային ընկերությունում, որտեղ քանդակադրոշմով զբաղվում էր Վովա անունով մի հայ։ Նա ավելի պրոֆեսիոնալ էր աշխատում, ես սկսեցի հետևել նրան։ Մոտ տասը տարի աշխատեցի այդ հաստատությունում, հետո մյուսում՝ նույնքան։ Հասարակական կազմակերպությունների շենքներ էինք ձևավորում, դրանց շարքում բավականին մոնումենտալ աշխատանքներ կային։
– Այսինքն, դա ձեր մասնագիտությունն էր․․․
– Այո, ես դրանով ապրուստի գումար էի վաստակում, նույնիսկ Ադրբեջտանի ներքին գործերի նախարարության համար էի պատվերներ կատարում։ Ի դեպ՝ Լենքորանում հերոս Բաբեկին էին պատվիրել (816-ից գլխավորել է խուրամյանների հակաարաբական ապստամբությունը Ադրբեջանում – խմբ․)։ Նրան ադրբեջանցի նկարիչ էր նկարել, իսկ ես՝ քանդակադրոշմել։ Երբ աշխատանքը պատրաստ էր, պետական մարմինների ներկայացուցիչներն եկան։ Այն ժամանակ նրանցից ավագը նայեց ձիով հերոսի պատկերին ու ասած․ «Ո՞վ է սա արել։ Մերոնց նման չէ, հայի է նման»։ Իսկ ես ասացի․ «Ադրբեջանցին է նկարել․ ինչպե՞ս նա կարող է հայի նման լինել» (ծիծաղում է)։
Ես չէի կարող իմ հաստատությունում անել այն գործերը, որոնք ինձ հաճույք էին պատճառում, դրա համար տանը ինքս ինձ համար քանդակադրոշմում էի հայկական, քրիստոնեական թեմաներով, թեև դա վտանգավոր էր։ Այնտեղ ազգության ու կրոնի հարցը շատ սուր էր։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am