Ժամանակակից թատրոնը չպետք է սահմանափակվի միայն ներքին խնդիրներով. մարտի 27-ին նշվեց թատրոնի միջազգային օրը
Advertisement 1000 x 90

Ժամանակակից թատրոնը չպետք է սահմանափակվի միայն ներքին խնդիրներով. մարտի 27-ին նշվեց թատրոնի միջազգային օրը

Գևորգ Քոչարի 21 հասցեի նոր հասցեատերը 2019թ. մայիսին` «Պիերոյի երազը» ներկայացմամբ կնշանավորվի նորամուտը դեպի թատերական աշխարհ: Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը շեշտում է` ավելի քան քսան տարի պայքարում է, որպեսզի մնջախաղի թատրոնն իր տուն ու ստեղծագործելու համար համապատասխան միջավայրն ունենա: Ի ուրախություն բոլորիս, այդ քսան տարիներն արդեն թիկունքում են: Շուտով կհայտարարվի շինարարության մրցույթը:

«Մեծ գործունեություն իրականացնելու համար տարածք է անհրաժեշտ: Մենք ուղղակի թատրոն չենք, և միայն մեր ներքին լսարանով ու անձնական խնդիրներով չէ, որ զբաղվում ենք: Մնջախաղի թատրոնն իր գործունեությամբ բացառիկ նշանակություն ունի: Այն ոչ միայն մեր թատերական մշակույթն է հանում հայկական միջավայրից դուրս` օտար երկրներ, այլ նաև ամեն տարի Ծաղկաձորում կազմակերպում է միջազգային փառատոն: Շենքն ու հարմարավետ միջավայրը հնարավորություններ կտա նոր ծրագրերի իրականացման համար»,- թատրոնի միջազգային օրվա առիթով, լրագրողների հետ զրույցում նշեց Դադասյանը՝ միաժամանակ նկատելով, որ ժամանակակից թատրոնը չպետք է սահմանափակվի միայն ներքին խնդիրներով:

Այն պետք է  տարողունակ լինի, հագեցած տարբեր նախագծերով: Նրա խոսքերով` թատերական կյանքի այսօրվա ընկալումներն ու հանդիսատեսի պահանջմունքներն այլ են: Ժամանակը թելադրում է իր պայմանները: Ինքը համարում է, որ թատրոնը խիստ ժամանակային արվեստ է ու ժամանակից դուրս գոյություն ունենալ չի կարող.

«Հեռու չգնանք, նայենք մեր մեծերի վիդեո- փաստագրական նյութերը: Դրանք թատերական արվեստի բարձր գեղագիտական արտահայտություն են, բայց իրենց Ժամանակի մեջ: Պետք է քայլել պահմաններին ու պահանջներին համապատասխան: Դժվարանում եմ պատկերացնել այսօրվա մարդուն` երեք ժամ հեռախոսն անջատած` ներկայացում դիտելիս: Տեմպը փոխվել է: Մարդիկ ցանկություն ունեն օրը հագեցնել տարբեր իրադարձություններով: Դրա համար ներկայացումներն այսօր ավելի կարճ են տևում: Մեկ ժամ, կամ ժամուկես»:

Ժիրայր Դադասյանի բնորոշմամբ` թատրոնը զգացական ժանրի ստեղծագործություն է: Ասում է` համաշխարհային թատրում ոչ թե խոսքն է կարևոր այլ այն խորհրդավոր միջավայրն ու էներգետիկան, որ բեմից փոխանցվում է հանդիսատեսին.

«Բայց այսօր այնպես է ստացվել, որ թատրոն ասելով մենք հասկանում ենք բեմից հնչող խոսքը: Եթե ծիծաղելի է` ծիծաղում ենք, ողբերգական է լաց ենք լինում: Թատրոնը դա չէ իրականում: Սա մի ժանր է, որի լավ խաղի ներգործության արդյունքում մարդու մոտ բազմաթիվ ներքին հարցեր պիտի ծագեն: Ցավոք այսօր ժանրի նկատմամբ հետաքրքրությունը կորել է, որովհետև այն վերածել են սթենդափային ինչ-որ բանի: Հանդիսատեսին հրամցնում են, թե թատրոնը սրախոսություն է, կարճ փեշով ու բաց զգեստով աղջիկներն են: Սա աբսուրդ է: Գաղափար պետք է լինի թատերական ներկայացման հիմքում»,-ընդգծեց Դադասյանը` շեշտելով, որ մնջախաղի թատրոնում չի գործում այն սկզբունքը, թե` «որքան կարճ է կիսաշրջազգեստը, այնքան ավելի մեծ է տոմսերի վաճառքը»:

Որպեսզի հայկական թատրոնը միջազգային հարթակներում դառնա մրցունակ, Դադասյանը կոչ է անում դուրս գալ սահմանափակումներ բերող շրջանակներից: Ասում է, թատրոնը միայն հայ հանդիսատեսով չպետք բավարարվի:  Օրինակ է բերում Նարինե Գրիգորյանին, ով իր մոնո ներկայացումներով ճանաչում ձեռք բերեց աշխարհի տարբեր երկրում.

«Նրա ներկայացումները շատ հաճախ հնչում են նաև հայերեն լեզվով: Թատրոնը միջազգային ժանր է: Լեզուն նշանակություն չունի: Հայերենով արված ներկայացումն էլ կարող է դառնալ դրսում մրցունակ, եթե  իհարկե դա պատրաստված է թատերական բարձր գեղագիտությամբ»: Իսկ, այն հարցին թե ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված մնջախաղի դերակատարը, Դադասյանն ընդգծեց. «Մենք խոսում ենք մարմնի լեզվով, հետևաբար արտիստը պարտավոր է ունենալ կատարյալ մարզավիճակ: Մարմնի պատրաստվածությունը մի կողմ, բայց առանց զգայական մարզումի անհնար է մոտենալ թատրոնին: Շատ հայտնի մնջախաղի վարպետներից մեկն ասում էր, որ մնջախաղացը մի մարզիկ է, ով ամեն օր մարզում է իր զգացմունքները»:

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

armenpress.am