Երգչուհի Մարբին` Մարինե Հակոբյանը, ծնվել է Ստեփանակերտում, որտեղ էլ սկսել է առաջին քայլերը։ Մանուկ հասակից հաճախել է երաժշտական դպրոց։ Հետագայում եկել է Երևան, ընդունվել Կոնսերվատորիա, այսօր արդեն հանդիսանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատարը։
Նրա բեմական անունը` Մարբի, ստեղծվել է ակնթարթորեն, երբ ընկերական զրույցներից մեկի ժամանակ մտածում էին` ինչ անուն ընտրել, որպեսզի լինի հնչեղ ու թեթև։
Tert.am Life-ը երիտասարդ երգչուհու հետ զրուցել է անցած ճանապարհի, երաժշտական ուղու և կյանքը գեղեցիկ ապրելու բանաձևի մասին։
– Մարբի, 17 տարեկան աղջկա համար որքանո՞վ էր բարդ Ստեփանակերտից միայնակ գալ Երևան ու փորձել քայլեր անել երգարվեստում։
– Դա և՛ բարդ էր, և՛ թեթև։ Նոր ինֆորմացիաներն իրենց մեջ միշտ բարդություն են կրում, բայց դա նաև հետաքրքիր է։ Հասկանում ես, թե ուր ես գնում, ինչի ես ընդունակ։ Ես միշտ փորձում եմ նոր բաներ սովորել։ Ինձ համար հետաքրքիր ընթացք էր։
– Կոնսերվատորիան տարեկան հարյուրավոր շրջանավարտներ է ունենում, սակայն ոչ բոլորն են կարողանում հաստատվել ոլորտում։ Ինչպե՞ս ստացվեց մուտքդ երգարվեստ։
– Երբ ավարտեցի, արդեն համագործակցում էի Երվանդ Երզնկյանի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ, հետո սկսեցի համագործակցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, սկսվեցին համագործակցությունները, ակումբային համերգները։ Համագործակցություններ ունեցա պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, որտեղից էլ սկսվեց ճանապարհս։ Հուսով եմ` կանգ չեմ առնի։շ
– Երիտասարդ երգիչն ի՞նչ բարդություններ է ունենում այս ոլորտում։
– Բարդություն չի ունենա, երբ հասկանա` որն է իր ճիշտ ուղին, մտածելով քայլ անի։ Բարդ է, երբ ճանապարհն ինքնահոսի է։ Միայն երգիչների դեպքում չէ այդպես, առհասարակ այդպես է։ Չեմ ուզում առանձնացնել արտիստին, որովհետև նա մարդ է, որն ապրում է նաև բեմից դուրս։
Ամբողջությամբ՝ life.tert.am