«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի մարտի 27-ին` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
«Շնորհավորում եմ թատերասեր հանրությանն այս հրաշալի միջոցառման առթիվ: Սա այն եզակի օրն է, որի ընթացքում մենք հիշեցնում ենք հասարակությանը, պետությանը, որ կա պրոֆեսիոնալ թատրոն, որ այդ թատրոններում աշխատում են տաղանդավոր մարդիկ, ստեղծում են արվեստի գործեր, որոնք կգնահատվեն այս միջոցառման ընթացքում»,- նշեց Ղազանչյանը:
«Արտավազդ» մրցանակաբաշխության անվանակարգերում փոփոխություններ են իրականացվել: Վերականգնվել են «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերը:
Նա շեշտեց, որ, ի ուրախություն բոլորի, երիտասարդ ստեղծագործողների միջև մրցակցությունը շատ մեծ է եղել, և ավագ սերնդի ռեժիսորները որոշել են հանել այն բեմադրությունները, որոնք ներկայացված էին «Լավագույն ներկայացում» անվանակարգում: Դրա փոխարեն մրցանակ կտրվի «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում:
«Ժամանակակից, հետաքրքիր թատրոն ստեղծելու, միևնույն ժամանակ ազգային նկարագիրը պահելու տենդենց եմ նկատում: Մոդայիկ, հորինված ռեժիսուրան արդեն երկրորդ պլան է մղվում»,- ընդգծեց Ղազանչյանը:
Անդրադառնալով թատրոնի խնդիրներին`նա նշեց, որ այն օրը, երբ ավարտվեն թատրոնի խնդիրները, կավարտվի թատրոնը: