Դիետաները և սնունդի ընդունումը բաց թողնելը ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ, նախազգուշացնում են Հելսինկիի համալսարանի հետազոտողները: Նրանց խոսքով՝ դիետաները դանդաղեցնում են մետաբոլիզմը, իսկ ապագայում բերում քաշի ավելացման:
Գիտնականների խոսքով՝ սննդակարգի կալորիականության լուրջ սահմանափակումը խախտում է մետաբոլիզմը և գերհագեցում առաջացնում: Այս պատճառով քաշը նորմայի մեջ պահելու համար անհրաժեշտ է կանոնավոր սնվել:
Eating Behaviors միջազգային ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել են ավելի քան 4900 երիտասարդ տղամարդ ու կին: Կամավորները պատասխանել են քաշի և դրա փոփոխության վրա ազդած գործոնների վերաբերյալ հարցերին, երբ եղել են 24 և 34 տարեկան: Հետազոտողները հայտնաբերել են, որ մասնակիցների մեծ մասը 10 տարում գիրացել է: Նիհարել է կանանց ընդամենը 7,5 տոկոսը և տղամարդկանց՝ 3,8 տոկոսը: Քաշի ամենամյա ավելացումը կազմել է 0,9 կգ-ից ի փոքր քիչ կանանց շրջանում և 1 կգ տղամարդկանց շրջանում:
Առանցքային գործոնը, որը մասնակիցներին օգնել է երկար ժամանակ քաշը նորմայի մեջ պահել, ոչ թե դիետան էր, այլ կանոնավոր սնվելը:
Ավելի վաղ կատարված հետազոտություններով ևս պարզվել է, որ սննդակարգի կալորիականության սահմանափակումը իր հետևից քաշի ավելացում է բերում, քանի որ ոչ առողջ սնունդն ավելի գայթակղող է դառնում: Իսկ սնունդի ընդունումը բաց թողնելը մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը: