Երաժիշտները հայկական արմատներ չունեն, բայց մեծ սեր են տածում երաժշտության և պատմության հանդեպ։
«Ցավդ տանեմ» հայկական երաժշտության համույթը հերթական համերգը կտա Լեհաստանում՝ Լյուբլինից ոչ հեռու ընկած Կրասնոստավ քաղաքում, հաղորդում է Kiwiportal օնլայն աֆիշը։
Հայկական անվանումով քառյակը կազմված է հրեաներից և լեհերից։ Մաշա Նաթանզոնը երգում է և սազ նվագում։ Նա նաև ջութակ է նվագում (առանց դրա էլ ինչ հրեա)։ Նրա հետ միասին երգում և կիթառ է նվագում քույրը՝ Օլգա Նաթանզոնը։ Ռաֆալ Գոնտարսկին ակորդեոն է նվագում, Ստանիսլավ Սեդլաչեկը` հարվածային գործիքներ։ Տեղի հայերն այնքան ջերմ են ընդունել առաջին համերգը, որը չեն ցանկացել, որ խումբը բեմից հեռանա։
«Սկզբից մենք պետք է մեկանգամյա համերգ տայինք՝ Լյուբլինի հայերի համար։ Բայց մեզ այնքան լավ ընդունեցին, որ որոշեցինք շարունակել։ Մենք հայկական արմատներ չունենք, բայց առաջին րոպեներից սիրահարվել ենք Հայաստանի պատմությանը և երաժշտությանը։ Չի կարելի հայ դառնալ, բայց կարելի է հասկանալ նրանց տխրությունները և ուրախությունները, կիսել նրանց ցավը և երջանկությունը»,- խոստովանում են երաժիշտները։
Նրանք հիանալի զգում են «ցավդ տանեմ» արտահայտության իմաստը։
«Բայց իրականում դա ավելի մեծ նշանակություն ունի։ Այն մեծ ջերմության և խորը մտքով չթարգմանվող արտահայտություն է»,- գրել են խմբի երաժիշտները համերգի անոնսում։ Համերգից հետո հանդիսատեսին հնարավորություն կտան համտեսել հայկական փախլավա։