Ռոքֆելլերը բացահայտել է հարուստ երեխաներ դաստիարակելու հաջողության գաղտնիքը
Advertisement 1000 x 90

Ռոքֆելլերը բացահայտել է հարուստ երեխաներ դաստիարակելու հաջողության գաղտնիքը

Դևիդ Ռոքֆելլեր-Կրտսերը՝ պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի ժառանգներից մեկը և Rockefeller & Co. ընկերության նախագահը, բացահայտել է հարուստ երեխաներ մեծացնելու գաղտնիքը: Դևիդ Ռոքֆելլերի հարցազրույցը հրապարակել է CNBC-ն:

1870 թվականին Ջոն Ռոքֆելլերի կողմից Standard Oil ընկերության հիմնադրման պահից, որը հարստացրեց նրա ընտանիքը, անցել է գրեթե 150 տարի, և Ռոքֆելլերի հետնորդները կարողացել են պահպանել իրենց կարողությունը: Ընտանիքի ժառանգորդներ են համարվում 170 մարդ: Forbes-ը Ռոքֆելլերների կարողությունը գնահատում է 11 մլրդ դոլար: Դևիդ Ռոքֆելլեր-Կրտսերի խոսքով՝ դա հնարավոր է դարձել ընտանիքում մի քանի սկզբունքների պահպանման շնորհիվ:

Դրանցից առաջինը նա համարել է պարբերաբար անցկացվող ընտանեկան հանդիպումները: «Մենք ընտանեկան հանդիպումներ ենք անցկացնում տարին երկու անգամ, հաճախ ընտանիքի հարյուրից ավելի անդամներ նույն սենյակում են գտնվում՝ ներկա լինելով, ասենք, Սուրբծննդյան ընթրիքին»,- ասել է Ռոքֆելլերը: Նա նաև պարզաբանել է, որ ընտանիքում գոյություն ունի այսպես կոչված համաժողովների անցկացման ավանդույթ, որոնց մասնակցում են ընտանիքի՝ 21-ից բարձր տարիքի բոլոր անդամները: Հանդիպումների ընթացքում քննարկվում են կարևոր հարցեր, այդ թվում՝ բիզնեսի ոլորտից:

Երեխաների հաջողության երկրորդ կարևոր գործոնը Ռոքֆելլերը համարել է ընտանեկան ընկերություն կոչվող երևույթի բացակայությունը: 1911 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը պահանջեց վերացնել նավթի մենաշնորհը՝ այն բաժանելով ավելի փոքր ֆիրմաների միջև: Որոշումը ոչ միայն նպաստեց Ռոքֆելլերների բարեկեցության աճին, այլև թույլ տվեց ընտանիքին չգժտվել բիզնեսի պատճառով: «Կարծում եմ՝ մեր բախտը բերել է, որ մենք մի բիզնես չենք ունեցել, ինչը երկպառակության տեղիք կտար ընտանիքում»,- նշել է Ռոքֆելլերը:

Դևիդ Ռոքֆելլեր-Կրտսերի համոզմամբ՝ ընտանիքի հաջողության հանգուցային գործոնը դարձել է այն, որ երեխաներին մանկությունից բացատրում էին մարդասիրության և բարեսիրական գործունեության կարևորությունը: Նա իր առաջին նվիրատվությունն արել է 10 տարեկան հասակում: Ընտանիքի բարեգործական տարբեր հիմնադրամների տրամադրության տակ, ինչպիսիք են, օրինակ, Rockefeller Foundation-ը, Rockefeller Brothers Fund-ը և David Rockefeller Fund-ը, ընդհանուր առմամբ կա 5 մլրդ դոլար: