«Արտավազդ» մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում մրցանակն այս տարի հանձնվեց երկու դերասանի՝ Ավո Խալաթյանին և Միքայել Վաթինյանին: Ավո Խալաթյանը, սակայն, երեկ ներկա չէր մրցանակաբաշխությանը:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ մրցանակաբաշխությանը իր բացակայությունը կապված էր քաղաքում չլինելու հետ։ Նրա խոսքով` իր համար մրցանակն իսկապես անակնկալ է եղել:
«Այս անգամ մրցանակաբաշխությունն «Օսկար»-ի գաղտնիություն ուներ, իսկապես, տեղյակ չէի: Սովորաբար շշուկներ են լինում, ներքին կարգով տարածվում է և ժամանակից շուտ իմանում են` ովքեր են մրցանակակիրները, բայց այս անգամ էր ինձ համար, իսկապես, անակնկալ: Ցավոք, ֆիզիկապես չկարողացա ներկա լինել: Եթե իմանայի, ես եմ ստանալու այդ մրցանակը, ամեն ինչ կանեի, որ լինեի ոչ թե քաղաքից դուրս, այլ մայր թատրոնի բեմում և ստանայի այդ մրցանակը, ափսոս: Ինչ խոսք, շատ ուրախ եմ ու շնորհակալ Թատերական գործիչների միության նախագահին, նաև ներկայացման ռեժիսորին, իմ կոլեգաներին: Շնորհավորում եմ բոլորին, սա նաև նրանց արժանիքն է»,- ասաց դերասանը:
«Տարվա լավագույն դերասան» ճանաչվելու մասին Ավոն իմացել է մրցանակաբաշխության ավարտից հետո, գործընկերների ուղարկած SMS հաղորդագրության միջոցով: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Ռևիզոր» ներկայացման մեջ քաղաքապետի դերակատարման համար լավագույնը ճանաչված դերասանը նշեց, որ թեև «Արտավազդ»-ում ներկայացված եղել է տարբեր անվանակարգերում, սա իր առաջին մրցանակն է:
«Մասնագիտական տոնին մասնագիտական մեծ պարգև ստանալը, իհարկե, ուրախալի է ու շատ ոգևորիչ»,- ասաց նա: