ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքներն անմխիթար են․ մասնակիցները բաժանվեցին՝ միմյանցից խիստ դժգոհ մնալով։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ ամենաշատը տուժել է ընդունող կողմը՝ Բուլղարիան, որն իր եվրոպական գործընկերների կողմից խիստ քննադատության է ենթարկվել։
Բուլղարացիների համար Թուրքիայի հետ հակադրության պատմությունն առանձին գլխացավանք է։ Մեծ հաշվով, երբ փախստականները Թուրքիայից Արևմուտք ուղևորվեցին, հենց Սոֆիան էր այդ փախստականների հոսքերի դեմ պայքարի առաջին գծում։ Եվ այն չկարողացավ այդ խնդիրը լուծել, քանի որ երկրի ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական պաշարները առանձնապես հուսադրող չեն։
Ավելին՝ ինչ-որ պահի պաշտոնական Սոֆիան ստիպված էր գործել Անկարայի թելադրանքով, երբ Թուրքիայի անհաջող ռազմական հեղաշրջումից հետո այդ երկրի մի քանի քաղաքացիներին քաղաքական ապաստան տվեց։
Այդ պատճառով Բուլղարիան արժանացավ որոշ եվրոպական երկրների քննադատությանը, թեպետ իրականում, երբ փաստականների հետ խնդիրներ սկսվեցին, Բուլղարիան պարզապես ստիպված էր հաշվի նստել Թուրքիայի պահանջների հետ, որպեսզի չսրեր սահմանի առանց այդ էլ անհանգիստ վիճակը։
Թուրքիայի տարածքում ավելի քան 3 միլիոն փախստական կա: Եվրոպացիներն ասում են՝ երեքուկես միլիոն, թուրքերը՝ չորսից ավելի։ Եվ այդ փախստականների հետ կապված վիճակը ցանկացած պահի կարող է պայթել, քանի որ, ինչպես պարզվեց Վառնայում, Եվրամիությունը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները։
Եվրոպացիները խոսք էին տվել Թուրքիային երեքուկես միլիարդ դոլար վճարել, որպեսզի այն պաշտպանի հարավային սահմաններն ու սեփական տարածքում ընդունի փախստականներին։ Մինչ այժմ վճարել են 1,8 միլիարդից մի քիչ ավելի։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am