«Շանթ» հեռուստաընկերության եթերում այսօր՝ Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, կմեկնարկի «Սահմանին» ֆիլմի երկրորդ եթերաշրջանը։ Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը երկրորդ ֆիլմում ևս մարմնավորում է հակադիվերսիոն հետախուզական խմբի հրամանատարին։ Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նոր աշխատանքի մասին, որը թեև բավականին աշխատատար ու բարդ է եղել, մասնագիտական հաճույք է պատճառել դերասանին։
Դերասանը փաստում է` եղել են օրեր, երբ շատ երկար են աշխատել, սակայն դրանից չեն տրտնջացել, սրտնեղել։ «Կային տեսարաններ, որոնք չէինք կարող շարունակել հաջորդ օրը։ Հնարավոր է` եղանակային պայմանների կամ այլ տարբերություններ լինեին և կադրերի անհամաձայնություն լիներ։ Ստիպված էինք երկար աշխատել, լավ չարչարվել, սակայն նպատակ ունեինք և պետք է իրականացնեինք այն։ Որևէ մեկս չի սրտնեղել դրանից։ Թրեյլերը դիտելիս է էլ երևում, որ նկարահանումները շատ բարդ են եղել, սակայն ի պատիվ մեզ` հաղթահարեցինք։ Այս ֆիլմում նկարահանվելիս ֆիզիկական պատրաստվածություն է պետք, որպեսզի կարողանաս դիմադրել այդքան վազքին, ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։ Ինչ վերաբերում է մարտական պատրաստվածությանը, առաջին ֆիլմի ընթացքում սովորեցինք այն, ինչ չգիտեինք»,- ասաց դերասանն ու հավելեց, որ առավել բարդ էին ստացվում կրակոցների, կռվի տեսարանները, քանի որ նմանատիպ տեսարանները հազվադեպ են նկարահանվում մի դուբլից։
Աշխատանքային առաջարկների պակաս Աշոտը չունի։ Նա նկատեց, որ այսօր արդեն հրաժարվում է շատ նախագծերում նկարահանվելուց` հաշվի առնելով տարբեր հանգամանքներ` կապված պայմանների, ֆինանսական մասի, կերպարի հետ։ Ստեղծագործական թիմի բոլոր անդամները, այդ թվում` Աշոտը, փաստում են, «Սահմանին» ֆիլմում նկարահանվելիս մասնագիտական հաճույք են ստացել։
«Հիմա արդեն շատ նախագծերից եմ հրաժարվում։ Ինձ թվում էր` այս ընթացքում պետք է որակական աճ լիներ, սակայն ոչինչ տեղից չի շարժվել։ Ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես կար։ Դա ճիշտ չէ։ Եթե աճ, զարգացում չլինի, չգիտեմ վերջն ինչ է լինելու։ Հայաստանի շուկայի համար «Սահմանինը» լավագույն ֆիլմերից մեկն է, կարող եմ ասել, նույնիսկ լավագույնը այս փուլում և այդ տեսակում։ Ես անվերապահորեն համաձայնել եմ նկարահանվել այս նախագծում։ Այն շատ կարևոր էր ինձ և մյուս դերասանների համար»,- նկատեց դերասանը։
Պատերազմական ֆիլմում նկարահանվելը դերասանների համար պարտավորեցնող է, հատկապես, որ ֆիլմն առնչվում է Ապրիլյան պատերազմի դեպքերին և հասարակության հիշողությունները թարմ են. «Մտավախություններ չկան, սակայն ֆիլմը մի քիչ ցավոտ կլինի, որովհետև վերքը թարմ է։ Տեսարանները կարող են շատ հուզիչ լինել, մարդիկ կտեսնեն, թե ովքեր են եղել այն զինվորները, որոնք 18-20 տարեկանում օրհասական պահին, իրոք, առյուծի պես են պահել իրենց։ Արցախյան շարժման մասին ֆիլմեր ունենք, կարծում եմ, պետք է Ապրիլյան դեպքերի մասին էլ ֆիլմեր ունենանք, որովհետև մի բան է լսել, այլ բան է տեսնել, թե ինչպես են ծավալվել գործողությունները»։
Ամբողջությամբ՝ life.tert.am