Շատերին է հայտնի, որ դերասանուհի Էլեն Ասատրյանն արդեն տևական ժամանակ է, ինչ երևանյան տարբեր ակումբներում հաղորդավարությամբ է զբաղվում: Մի քանի ամիսների ընթացքում Էլենը մի քանի ակումբներում աշխատեց, և ահա հերթական անգամ նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ այլևս դադարեցնում է տվյալ ակումբի հետ աշխատանք: Նման պարագայում մշտապես քննարկվում է, թե արդյոք կոնֆլիկտային հարաբերություններն են եղել պատճառը, որ այս կամ այն հայտնի մարդը դադարեցրել է տվյալ համագործակցությունը:
Life.panorama.am-ը կապ է հաստատել Էլենի հետ՝ պարզելու աշխատանքից հեռանալու պատճառները և ճշտելու՝ արդյոք դերասանուհին առհասարակ դադարեցրել է հաղորդավարական աշխատանքը:
«Հեռանալուս պատճառը նոր առաջարկի հետ է կապված: Հիմա ստորագրել եմ նոր պայմանագիր, որի համաձայն այսուհետ միայն կորպորատիվ միջոցառումներ եմ վարելու: Մարդիկ ինձ արդեն ակումբներում չեն տեսնի, փոխարենը կտեսնեն բացառապես կորպորատիվ երեկույթներին: Բայց ասեմ, որ մեծ դժվարությամբ եմ թողել ակումբի աշխատանքը, քանի որ թե անձնակազմը, թե աշխատանքի բնույթը ինձ շատ հարազատ էին: Անգամ հեռանալուց լաց եմ եղել»,- նշեց Էլենը:
Հարցին, որ եթե նախկին աշխատանքը սիրված էր, ապա նոր հրավերքը ինչով գրավեց, որի դիմաց դերասանուհին որոշել է համաձայնել, պատասխանեց.
«Նոր աշխտանքով ամսական 3-4 երեկո վարելով ես կաշխատեմ այնքան գումար, ինչքան աշխատում էի մեկ ամսվա ընթացքում՝ ակումբում աշխատելով: Կարծում եմ՝ այս ասպարեզում յուրաքանչյուրն էլ իմ կերպ կվարվեր»:
Դիտարկմանը, որ շշուկներ կան, թե Էլեն Ասաատրյանը բնույթով կոնֆլիկտային մարդ է և այդ պատճառով հաճախ է աշխատավայրը փոխում, դերասանուհին հավելեց.
«Եթե դուք ներկա լինեիք ակումբից հեռանալու օրը, ապա թե իմ հուզմունքից, թե ողջ անձնակազմի և անգամ տնօրենի վերաբերմունքից կհասկանայիք, որ նման բան չկա»:
Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է Էլենը հասցնում «Երևի» հեռուստասերիալում իր աշխատանքը համատեղել հաղորդավարական գործունևության հետ, նկատեց.
«Մեծ դժվարությամբ ու բարդությամբ՝ երբեմն մոռանալով ինքս ինձ: Ժամանակս չի բավարարում շփվել ընկերներիս հետ և անգամ քնել: Ասեմ ավելին՝ գերհոգնածության և քնի բացակայության պատճառով ես անգամ առողջական խնդիրներ ունեմ: Ինձ հանգիստ է պետք, ես անընդհատ երազում եմ քնելու մասին, կարծում եմ՝ նոր աշխատանքը հնարավորություն կտա մի փոքր հանգստանալ և ինքս ինձ ժամանակ տրամադրել»: