Sputnik Արմենիայի թղթակից Ժաննա Պողոսյանը փորձել է սուզվել ժամանակակից նկարիչ Արշակ Սարգսյանի աշխարհ, որը բաց է ոչ բոլորի համար։
Ստեղծագործելու համար անձնական տարածք ունենալը յուրաքանչյուր նկարչի երազանքն է։ Էլ ինչ խոսք ընդարձակ արվեստանոցի մասին, որտեղ կարելի է ոչ միայն նկարել, այլև ոգեշնչվել հիանալի բնապատկերներով։ Հայ աշխարհահռչակ նկարիչ Արշակ Սարգսյանը 3 տարի առաջ կարողացավ իր երազանքի ստուդիան իրականություն դարձնել։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են նկարչի արվեստանոց և զրուցել նրա հետ։
Եռահարկ հսկայական արվեստանոց. այսքան տարածք է հարկավոր նկարիչ Արշակ Սարգսյանին իր համար ամենաթանկ բաները տեղավորելու համար։ Առաջին հերթին` իր նկարներն ու նկարչական պարագաները, հետո` յուրահատուկ կահույքն ու երաժշտական կենտրոնը։ Ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերից բերված էկզոտիկ ու ոճային իրերը։ Երրորդ հարկում փոքր ննջասենյակ կա։ Իսկ խոհանոց` ո՛չ մեծ, ո՛չ փոքր, ընդհանրապես չկա։ Մի՞թե իրոք լավ նկարիչը սոված նկարիչն է։
«Թեև օրական 7-10 ժամ աշխատում եմ, բայց այդ ընթացքում չեմ ուտում,- համեստորեն ժպտում է Արշակը` մազերի անհնազանդ փունջը ականջի հետև տանելով,- իսկ արվեստանոցս այնպես է մտածված, որ նպաստի աշխատանքիս ու աշխատանքից հանգստանալուն, ոչ թե լիարժեք կյանքին։ Ես այստեղ չեմ ապրում, ես տուն ունեմ»։
Արշակը տիպիկ նկարչի տեսք ունի. անփույթ պոչ դարձրած երկար մազեր ու ազատ հագուստ։ Ձեռքում բռնած այփադն ամբողջովին գունավոր ներկերով է պատված։
Երբ անհատական ցուցահանդեսներով աշխարհի կեսը շրջած Արշակը որոշեց արվեստանոց ունենալ հայրենիքում, դիզայներների օգնությամբ նախագծեց պանթեիստի ու նույնիսկ հիփիի իսկական երազանքը. արվեստանոցի բոլոր երեք հարկերի մի կողմում ապակե պատեր են, ինչը թույլ է տալիս առանց խոչընդոտների հիանալ բնությամբ։ Արշակը շատ երկար է ընտրել այս վայրը. անպայման պետք է լիներ մտերմիկ, աղմկոտ քաղաքներից հեռու, բնության տեսարանով։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am