«Աշխարհը սպասում է քեզ, սա մի որոնում է, որը նոր է սկսվել». հենց այսպիսին է ջազ երգչուհի, դաշնակահարուհի, երգահան Նինա Սիմոնի պատկերացումը երիտասարդության մասին: Ժամանակահատված, երբ ամբիցիաները, գիտելիքի քաղցը և փայլուն կարիերա կառուցելու մտքերը բավարարման և իրագործման կարիք ունեն: Իսկ ընթացքը, ահա, պարզերից մեկը չէ. ինքնաորոնումներ, ինքնության կառուցում, արժեհամակարգի ձևավորում: Իսկ ինչպե՞ս են այս ուղին անցնում Հայաստանում բնակվող երիտասարդները: Ինչպե՞ս են գտնում իրենց կրեատիվությունը, կամ գտնո՞ւմ են արդյոք այն, թե՞ ոչ:
«Ինչպե՞ս»-ների ու «ինչո՞ւ»-ների պատասխանը գտնելու ամենաարդյունավետ տարբերակներից մեկը հենց երիտասարդների հետ զրուցելն է, նրանց գաղափարներին, պատկերացումներին, դժվարությունների հաղթահարման մեթոդներին ծանոթանալը, ինչն էլ հանձն է առել 168.am-ը՝ իր ընթերցողի ուշադրությանը ներկայացնելով ևս մեկ նոր շարք՝ «Հայ իրականության երիտասարդ դեմքերը»:
Շարքի առաջին երիտասարդ հերոսը մասնագիտությամբ ճարտարապետ Դիանա Հովեյանն է, ով, սակայն, այժմ գործունեություն է ծավալում՝ որպես դիզայներ: Շենքերի ու կտորների միջև ընդհանրություններ բացահայտած դիզայները, ով իր հագուստը թողարկում է Diana Eyvonah բրենդի ներքո, հագուստի ստեղծման բոլոր փուլերին մեծ պատասխանատվությամբ է մոտենում. նախքան իր առաջին հավաքածուն թողարկելը Դիանան «հագուստի կոնստրուկտավորում» է սովորել, ինչն ավելի է ընդլայնում իր հնարավորությունները՝ կտորի հետ ավելի ազատ աշխատելու համար: Մեզ հետ զրույցում Դիանան նշեց նաև, որ հագուստի նախագծման փուլում կիրառում է այնպիսի տեխնոլոգիաներ, որոնցից օգտվում են «Hugo Boss» դիզայներական տունը, դիզայներ Սթելլա ՄաքՔարթնին և այլ համաշխարհային դեմքեր:
Քանի դեռ չի բացվել Diana Eyvonah բրենդի օնլյան-խանութը, ինչը կա երիտասարդ դիզայների հետագա պլաններում, Դիանայի հեղինակած հագուստն իր գնորդին սպասում է «Հայաստանի գանձեր» խանութ-սրահում, իսկ նրա՝ ճարտարապետությունից դիզայնի անցման, կտորի կարևորության և ոգեշնչման աղբյուրների մասին մեր զրույցը ստորև ներկայացված է ձեր ուշադրությանը:
– Ճարտարապետությունից դիզայնի անցումն ինչպե՞ս եղավ:
– Դիզայներ դառնալու մասին մանկուց եմ երազել: Երբ դեռ փոքր երեխա էի, ինձ պատկերացնում էի այս բնագավառում: Բայց ինչ-ինչ պատճառներով, երբ արդեն ընդունվելու ժամանակն էր, խորացել էի ճարտարապետության մեջ և որոշել էի, որ պետք է զբաղվեմ միայն այդ գործով: Ու այդպես ճարտարապետությունից ոգեշնչված՝ ընդունվեցի, լավ սովորեցի, բայց հետո՝ երբ ծնվեց երեխաս, արդեն ինչ-որ նոր խթանի կարիք կար, նոր հետաքրքրությունների, փոփոխության: Ու որոշեցի մեկ այլ ուղղությամբ մտածել, նոր գործ անել: Ու հենց այդ ժամանակ առաջացավ հագուստի հավաքածուի գաղափարը: Հետո արդեն հատուկ իմ հավաքածուի համար կտորներ ընտրեցի, սկսեցի ստեղծագործել: Դեռ չգիտեի՝ ինչ կստացվի, ինչ կլինի վերջում, ամեն ինչի թերահավատորեն էի մոտենում: Բոլորը մտածում էին՝ դե լավ, զբաղվում է, էլի, բզբզում է, էլի, բայց իրականում ստացվեց չբզբզալ (ծիծաղում է.- Ա.Գ.):
– Ստեղծագործելիս քեզ անհրաժե՞շտ է ճարտարապետության տարրը:
– Ինձ համար, այո, այդ տարրը շատ կարևոր է: Իմ մոդելների մեջ չկա մեկը, որ չունենա հետաքրքիր կտրվածք, չունենա երկրաչափություն, աբստրակտ մի բան: Եթե ես չլինեի ճարտարապետ, հնարավոր է՝ ճարտարապետական այդ շունչը չէր լինի: Ես ավելի շուտ ճարտարապետ-fashion դիզայներ եմ, քան fashion-դիզայներ կամ ճարտարապետ: Ես միքս եմ:
– Քո մեկնաբանություններում միշտ նշում ես տատիկիդ դերակատարության մասին:
– Տատիկս ինձ համար էտալոն է թե՛ կնոջ կերպարի, թե՛ որպես մասնագետի: Ինքն իրականում ինքնուս է, լրիվ այլ մասնագիտություն ունի, բայց զբաղվել է կարով, և կարը դարձել է նրա կյանքի մի մասը: Տատիկս դրանով ապրել է, ինքնուրույն ընտանիք է պահել, որն ինձ համար շատ, շատ, շատ ուժեղ կնոջ կերպարի բնութագիր է: Դրա համար շատ կարևորում եմ իր դերն իմ գործունեության մեջ. իր սիրելի թոռնիկը լինելով (ծիծաղում է.- Ա.Գ.)՝ ինքն ինձ շատ է մոտիվացրել, որ «լավ կլինի, լավ կստացվի»: Եվ, առհասարակ, ընտանիքը շատ կարևոր է եղել այս գործում, որովհետև իրենք հիմնական մոտիվացնող մարդիկ են եղել, այն մարդիկ, ովքեր միշտ հավատացել են ինձ, նույնիսկ այն ժամանակ, երբ ես դեռ ոչինչ չէի ստեղծել: Կարող էին չհավատալ, մտածեին՝ դե խոսում է, է՛լի, բայց այդպես չստացվեց:
– Ու դու նվիրվեցիր աշխատանքին…
– Ես ամբողջ օրը կարող եմ դրանով զբաղվել: Եթե սիրած գործ ունես, դա արդեն պարզապես աշխատանք չէ: Ես կարող եմ ամբողջ գիշեր չքնել, գործ անել, ու չեմ հոգնի: Ճիշտ է, կարող է հոգնած տեսք ունենամ, մարդիկ ասեն՝ զոմբի ես (ծիծաղում է.- Ա.Գ.), բայց իրականում, եթե այդ ամեն ինչը սիրով չանեի, պարզապես ոչինչ չէի անի: Ես այն մարդկանցից չեմ, որ ինձ ստիպեմ ինչ-որ բան անել: Ես պետք է սիրեմ:
– Երևանում նորաձևության արդյունաբերությունը մեծ ծավալներ չունի: Ինչպե՞ս ես գտնում քո ստեղծագործականությունն այստեղ:
– Իրականում Հայաստանում լավ նախագծեր կան, մեր մասնագետներն ունեն դուրս գնալու, ցուցադրվելու հնարավորություն: Օրինակ՝ անցած տարի հայաստանցի դիզայներները մասնակցեցին «Mercedes-Benz Kiev Fashion Days»-ին: Ու դա լավ էր շատ. մարդիկ ամբողջ աշխարհում տեսնում են, որ կան հայ դիզայներներ:
Տեսեք, Վրաստանը մեր աչքի առաջ ծաղկեց, ու նույն նորաձևության բնագավառում հիմա իրենք կարողանում են մրցել այնպիսի բարձր նորաձևության տների հետ, որոնց մասին Հայաստանը կերազի շատ-շատ տարիներ հետո: Բայց դա ինչ-որ չափով գալիս է նաև նրանից, որ մասնագետի պակաս կա, լավ դերձակներ, ձևարարներ. դիզայներները ունենում են շատ լավ մտքեր, բայց դրանք իրագործելը շատ դժվար է լինում: Ու կա խնդիր հաճախորդի հետ, որովհետև երբ հաճախորդը սկսում է իրենը թելադրել, կրեատիվությունը լուսանցք է մղվում, և առաջ է գալիս գործ անել-գումար աշխատելը: Դիզայներները ստիպված կրեատիվությունը մի կողմ են դնում ու սկսում են անել այն, ինչ կհագնի հայ ժողովուրդը: Այդ առումով մի փոքր բարդ է՝ դուրս գալ այդ կաղապարից, ինչ-որ նոր բան ստեղծել:
– Ի՞նչն ես ամենաշատը կարևորում դիզայներ-սպառող փոխհարաբերություններում:
– Ինձ համար շատ կարևոր է, որ ես չկորցնեմ իմ ստեղծագործական պահը: Ես փորձում եմ իմ մեջ դա պահել: Մարդը երբ մի բան ցանկանում է, ես փորձում եմ այնպես անել, գուցե համոզել, որ ինքն իր պատկերացրածից, կաղապարներից կարողանա դուրս գալ, ինքն իր տեսակի մեջ յուրօրինակ լինի: Ինձ համար դա շատ կարևոր է: Նույնիսկ շորերը, որ ես կարում եմ, չեն կարող կրկնվել՝ յուրաքանչյուր շորից կա ընդամենը մեկ օրինակ: Իսկ դա նշանակում է, որ կլինի մի մարդ, ով կկրի այդ հագուստը և կիմանա, որ աշխարհով մեկ ինքը միակն է: Ես կարևորում եմ անհատականությունը:
– Դիզայները մարդ է, որ ղեկավարում է հագուստի ստեղծման ամբողջ գործընթացը: Ի՞նչ զգացում է դա տալիս:
– Իրականում շատ մեծ պատասխանատվություն կա, որովհետև ամեն մի գործ անելով՝ միշտ անհանգստանում եմ՝ իսկ եթե լավ չստացվի՞. ինքս ինձ շատ ինքնաքննադատաբար եմ մոտենում: Պատասխանատվության զգացում է, որ շատ մեծ է: Ես հիմնականում գիշերն եմ աշխատում և երբ տեսնում եմ, որ հոգնած եմ, ուղղակի չեմ շարունակում, որովհետև սխալվելու հավանականությունը, ինչքան էլ մասնագետ լինես, մեծ է: Այդ իսկ պատճառով, երբ զգում եմ, որ պետք է քնեմ, գնում եմ քնելու, ռիսկի չեմ դիմում. եթե հանկարծ թեկուզ փոքր դետալ վնասվի, ամբողջ աշխատանքը շատ-շատ հետ կգնա:
– Հագուստի շահեկանության համար որքա՞ն կարևոր է կտորի ընտրությունը, և ո՞ւմ ես վստահում այդ աշխատանքը:
– Ես եմ ընտրում բոլոր կտորները, որոնք բերում եմ Իտալիայից: Կտորի կարևորությունը ինչո՞ւմն է. պարզ օրինակ բերեմ. դու կարող է շատ գեղեցիկ մոդել ունենաս, բայց կարելուց հետո տվյալ կտորով ընդհանրապես տեսք չունենա: Ու կարող է տեսքով շատ հարուստ կտոր լինել, այդ իսկ պատճառով ամենապարզ բանն էլ շատ շքեղ ու բարձր դիտվի, լյուքս դիտվի: Դա արդեն կտորի որակի մասին է խոսում: Բացի դրանից, կտորի որակյալ լինելը գալիս է երկար կրելու հնարավորությունից, որ դու կարողանաս նույն բանը տարիներով հագնել, ու ոչ մի փոփոխություն չլինի, եթե, իհարկե, ճիշտ խնամես:
– Ի՞նչ կասես հարմարավետության մասին: Այն նույնքան կարևո՞ր է, որքան արտաքին տեսքը:
– Այո, իհարկե: Ես փորձում եմ հիմնականում այնպիսի հագուստ կարել, որը լինի առավել հարմարավետ: Նախ կտորներն են շատ հարմարավետ՝ կրելու տեսանկյունից. հիմնականում բոլորը բնական են: Բացի այդ, ինձ համար կարևոր է այնպիսի ձևեր ընտրել, որ մարդ հագուստը կրելիս իրեն «կոմֆորտի» մեջ զգա, այնպիսի զգացողություն ունենա, որ ոչինչ չկա իր հագին, և հարմարավետությանը զուգահեռ՝ կարողանա լինել և՛ նորաձև, և՛ ինքնատիպ:
– Հագուստը մի կողմից՝ ազատություն է տալիս, մյուս կողմից՝ ինչ-որ սահմաններ է դնում մարդու առջև: Ինչպե՞ս ես տեղավորվում այս երկու հակադիր բևեռներում:
– Ես փորձում եմ փախած ինչ-որ բաներ չանել, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա հասկանալ աշխատանքս: Ես փորձում եմ կտորից ստանալ կերպարային հասանելի տեսք, որպեսզի մարդիկ չզարմանան, մտածեն՝ «սա ի՞նչ է, ես չէի կարողանա հագնել», այլ մոտենան և ասեն՝ «վա՜յ, ինչ սիրուն է, ես կհագնեի»: Հենց այդ պահն եմ ուզում մարդկանց մոտ հայտնաբերել, միջինը գտնել՝ ստեղծելով հագուստ, որը միաժամանակ լինի էլեգանտ ու կրեատիվ:
– Փորձարկումների պատրաստ չե՞ս:
– Երբ ես հասնեմ այն նպատակին, որ ընդունելի լինեմ հանրության կողմից, իհարկե, կցանկանամ իմ մտքին ազատություն տալ:
– Խոսեցինք դիզայների ստեղծագործ լինելու մասին, բայց այժմ միտում կա, ըստ որի՝ դիզայներությունը որոշ չափով նաև մենեջերություն է: Այս կոնտեքստում արվեստը չի՞ կորչում:
– Եթե մենեջերությունը կապված է հենց դիզայներության հետ, ես դեմ չեմ: Բայց եթե դա առնչվում է կազմակերպչական խնդիրներին, այդ դեպքում նախընտրելի է մասնագետին դիմելը: Ես ընդունում եմ, որ յուրաքանչյուր նեղ մասնագիտություն կարևոր է. եթե կա լավ մերչենդայզեր, պետք է դիմես իրեն: Դու կարող ես ունենալ լավ ճաշակ, կարող ես ունենալ լավ աչք, բայց ինքը մասնագետ է ու գիտի՝ կտորները, հագուստն ինչպես դասավորել խանութում: Հիմա ասում են նաև, որ դիզայներները չեն թելադրում նորաձևությունը, այլ մարքետոլոգները, որովհետև վերջիններս ասում են՝ սա ավելի լավ է վաճառվում, սա արեք: Կա այդպիսի ճշմարտություն, իրականում, թեև Հայաստանին շատ շուտ է նման բաների մասին մտածելը: Եվ արդյունքում ստացվում է, որ ամենակարևորը թիմային աշխատանքն է: Ինդիվիդուալությունը պետք է դիզայնի մեջ, մնացածը պետք է թիմային աշխատանք լինի:
– Ինչպիսի՞ն է քո շուրջ հավաքված թիմը՝ դերձակները, մոդելները:
– Իմ դերձակները շատ հմուտ վարպետներ են: Փորձել եմ երիտասարդների հետ գործ ունենալ, որովհետև վերջիններս ավելի ռիսկային են: Երբ մի բան մտածում եմ՝ չեն ասում՝ «վա՜յ, բայց դա լա՞վ է, որ, բայց սիրուն կլինի՞»: Այլ ասում են՝ «հա, թույն ա, դավայ անենք»: Բացի այդ, երիտասարդների աշխարհայացքը ուրիշ է, ավելի ուրիշ ձևով են ընկալում: Երիտասարդների հետ գործ անելը միշտ ավելի հավես է:
Իսկ մոդելներն իմ ընկերուհիներն են: Չցանկացա, որ նրանք լինեն պրոֆեսիոնալ մոդելներ: Ուզում էի մոդելներին ներկայացնել բնական վիճակով, ու ստացվեց: Իրենք ոչ պրոֆեսիոնալ էին, ու դա շատ շարմ տվեց: Լուսանկարչի՝ Ռոբերտ Քոլոյանի հետ աշխատանքն էլ մեծ բավականություն տվեց մեզ: Իմ բախտը բերեց, ես այս աշխատանքի ընթացքում հանդիպեցի շատ լավ մարդկանց:
– Տեսնո՞ւմ ես այն օրը, երբ քո թիմը՝ քո գլխավորությամբ, կստեղծի արտադրանք, որը երազանք կդառնա կանանց համար:
– Չէի ուզենա՝ երազանք լիներ, պարզապես կանայք ցանկություն ունենան և կարողանան գնել իմ հեղինակած հագուստը: Ու շատ կցանկանայի, որ շատերը հավանեն: Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր չեն հավանի իմ ոճը, և ես դա ընդունում եմ. նույն իմ հավաքածուի մեջ բաներ կարող են լինել, որ ես ինքս չէի հագնի, բայց ինձ դա դուր է գալիս: Այստեղ կարևոր է, որ մարդիկ, եթե, իհարկե, դա իրենց համար գեղեցիկ է, գեղեցիկը գնահատեն: Ես փորձում եմ դա ստեղծել:
– Նոր հավաքածուների գաղափարներ ունե՞ս:
– Ինձ ոգեշնչում է երեխայիս վիճակը: Երեխան իմ հիմնական մոտիվացնողն է: Դժվար մինչև իրեն ես ինչ-որ քայլ անեի: Ինքը նոր շունչ տվեց, որն ինձ ստիպեց ինչ-որ քայլ անել: Եվ հենց նրանից ոգեշնչված՝ ես ուզում եմ փոքրերի հավաքածու անել՝ Baby Eyvonah: Ուզում եմ ինչ-որ հետաքրքիր բան ստեղծել, որովհետև ինքս որպես մամա՝ շատ դժվար եմ գտնում սիրուն, ճաշակով, չկրկնվող հագուստ: Հիմնականում նմանատիպ շորիկներն են, որն արդեն հոգնեցնում է: Դրա համար ուզում եմ ինչ-որ նոր բան անել:
– Կարևորո՞ւմ ես, որ երեխաները փոքրուց մեծանան գեղեցիկի մեջ:
– Օրինակ բերեմ Իտալիան. մարդիկ ծնվում են ճաշակի մեջ, մեծանում են այդ ճաշակի մեջ ու ծնված օրվանից մինչև 90 տարեկանը հագնվում են շատ ճաշակով: Միջավայրը ստիպում է մարդուն սիրուն լինել: Իրենք ծնվում են այդ գենով: Մեզ մոտ՝ Հայաստանում, այդ առումով շատ կա առաջընթաց. աղջիկները սկսել են գեղեցիկ հագնվել, նորաձև, հավես վիճակներ կա, այսինքն՝ պոտենցիալը կա: Եթե երեխեքն էլ լինեն դրա մեջ, մի տասը տարուց շատ սիրուն վիճակի ժողովուրդ կունենանք:
Հենց այս լավատեսական նոտայից էլ անցում կատարենք բլից հարցմանը.
– Մետա՞քս, թե՞ շիֆոն:
– Մետաքս:
– Ձեռքի՞ աշխատանք, թե՞ մեքենայացված:
– Ձեռքի աշխատանք:
– Ավանդականի պահպանո՞ւմ, թե՞ փորձարկումներ:
– Փորձարկումներ:
– «Շանե՞լ», թե՞ «Դիոր»:
– «Դիոր»:
– Բնակա՞ն նյութեր, թե՞ արհեստական:
– Բնական:
– Սելեբրիթի, ում կցանկանայիր, որ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կրեր Diana Eyvonah:
– Նիկոլ Քիդման:
– Դասական կոստյում և սպորտային կոշիկնե՞ր, թե՞ ջինսե տաբատ և բարձրակրունկներ:
– Դասական կոստյում և սպորտային կոշիկներ:
– Լոնդոնի՞, Միլանի՞, Փարիզի՞, թե՞ Նյու Յորքի նորաձևության շաբաթ:
– Նյու Յորքի:
– Ասեղնագործությո՞ւն, թե՞ 3D տպագրություն:
– Ասեղնագործություն:
Անի Գաբուզյան