Սա ֆանտաստիկ նախագիծ է, որը մի խումբ ծուռ մարդկանց մասին է. Դավիթ Գրիգորյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Սա ֆանտաստիկ նախագիծ է, որը մի խումբ ծուռ մարդկանց մասին է. Դավիթ Գրիգորյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Դավիթ Գրիգորյանը, ով այժմ ներկայանում է «Արմենիա պրեմիումի» «Ավազե դղյակը» հեռուստասերիալում, իսկ շատ շուտով առաջին անգամ հանդես կգա սիթքոմում, որն այժմ նկարահանում  է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործկան թիմը:

«Ավազե դղյակը» սերիալում Դավիթն առաջին անգամ բացասական կերպարով է հանդես գալիս, որն, իր խոսքով, մասնագիտական նոր հմտություններ է տվել նրան:

«Դրական հերոս խաղալը չափազանց հեշտ է, քանի որ սցենարով հերոսիդ բոլոր գործերն էլ բարի են, որով հեռուստադիտողի դրական վերաբերմունքին ես արժանանում, իսկ բացասական հերոսի պարագայում  դերասանի պրոֆեսիոնալիզմը շատ ավելի ցայտուն պետք է լինի, որովհետեւ պետք է կարողանաս հերոսիդ բացասական տեսակով անգամ նրան սիրելի դարձնես: «Ավազե դղյակ»-ում մեծ փորձառություն եմ ձեռք բերել, նաեւ բացահայտեցի, որ բացասական հերոս խաղալը ինձ ավելի հետաքրքիր է»,- նշեց Դավիթը:

Այս նախագծի ստեղծագործական թիմը Դավիթին վաղուց է ծանոթ եղել, իսկ դերասանական կազմը՝ ամբողջովին նոր է:

«Շատ հետաքրքիր դերասանական խումբ էր հավաքված: Առաջին անգամ էի խաղում Լուիզա Ղամբարյանի, Տիգրան Գասպարյանի հետ. շատ հետաքրքիր էր ինձնից ավագների հետ խաղալը, ովքեր բավականին լուրջ փորձ ունեն: Ի շնորհիվ նրանց՝այս նախագիծն ինձ համար շատ կարեւոր էր նաեւ մասնագիտական նոր փորձ բերելու տեսանկյունից»,- հավելեց նա:

Դավիթ Գրիգորյանն այժմ նկարահանվում է Հանրային հեռուստաընկերության նոր սիթքոմում, որի մասին մանրամասներ, անգամ անվանում դերասանը չկարողացավ նշել՝ համապատասխան իրավունք չունենալու պատճառով:

life.panorama.am