«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական չորրորդ շաբաթօրյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում կատարվեցին սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման եւ առանց քաղաքաշինական փաստաթղթերի գործող աղբավայրերի փակման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Գեղարքունիքի մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի մարզային մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը, սանմաքրման եւ բարեկարգման աշխատանքներից բացի, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել աղբավայրերի փակման գործընթացին:
«Նախօրոք մեր կողմից քարտեզագրվել են մաքրման ենթակա բոլոր տարածքները եւ փակման ենթակա աղբավայրերը: Շաբաթօրյակին մասնակցել են 10597 մարդ եւ 258 միավոր տեխնիկա: Մաքրվել են բնակավայրերի փողոցները, դաշտամիջյան ճանապարհներն ու տարածքները, Սեւանա լճի ափամերձ գոտիները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, պատմամշակութային հուշարձանների տարածքները, բոլոր այն վայրերը, որտեղ թե տեսանելի, թե աչքից հեռու աղբ կա կուտակված: Շաբաթօրյակին մասնակցել են հանրակրթական դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, ճանապարհաշինարարներ, անհատ քաղաքացիներ: Կուտակված աղբը բեռնվել ու տեղափոխվել է մոտակա աղբավայրեր, որտեղ եւ իրականացվել են աղբաթաղման աշխատանքներ» – տեղեկացրեց Կարեն Հակոբյանը:
Նույն աղբյուրի համաձայն՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի գործող աղբավայրերից հաջողվել է փակել 8-ը, որոնք կային Գավառ եւ Վարդենիս քաղաքներում, Ծաղկաշեն, Սոթք, Լուսակունք, Ծովինար, Գեղամավան գյուղերում:
«Համապետական չորս շաբաթօրյակների ընթացքում մեզ հաջողվեց փակել առանց քաղաքաշինական փաստաթղթերի գործող 100-ից ավելի աղբավայրեր կամ աղբակույտեր: Մնում է փակել Ակունքի աղբավայրը, որը կարվի հաջորդ համապետական կամ մարզային շաբաթօրյակի ընթացքում: Այդուհետ կշահագործվեն միայն քաղաքաշինական փաստաթղթերով հաստատված 29 աղբավայրերը»,-հավաստեց մարզպետի տեղակալը:
Խոսրով Խլղաթյան