Ավարտվեց շուրջ մեկ տարի, ութ ամիս տևած «Կայարան» հեռուստասերիալը, որը հեռոստադիտողին երկար ժամանակ լարված պահեց հեռուստաէկրանների առաջ: Եվ չնայած սերիալում հաճախ էին հերոսները հանդիպում դժվարությունների և դժբախտությունների, ի վերջո հաղթեց սերը:
Այս հեռուստասերիալում դերասան Ալեքսանդր Բաբասյանը ներկայացնում էր ամենաբացասական հերոսին՝ Առնոյին: Այս կերպարի շնորհիվ դերասանը վերջին շրջանում հաճախ էր հայտնվում ուշադրության և քննարկումների կենտրոնում: Life.panorama.am-ը Առնոյի կերպարի և «Կայարան»-ում իր գործունեության մասին զրուցել է Ալեքսանդր Բաբասյանի հետ:
«Վերջին գրեթե երկու տարվա ընթացքում ամենաշատ առաջարկները ստացա. գրեթե բոլոր հեռուստասերիալներից և գեղարվեստական ֆիլմերից հրավերներ եմ ստացել և դա վերագրում եմ հենց Առնոյի կերպարի հաջողությանը, քանի որ այս կերպարի շնորհիվ ես ներկայացնում էի բազմագույն մարդու: Առնոյի կերպարով ասես մի քանի մարդու մարմնավորեի, որով ցույց էի տալիս իմ տվյալներն ու պրոֆեսիոնլիզմը: Նա բոլոր կերպարների հետ տարբեր կերպ էր ներկայանում, տարբեր տեսակներ ու գույներ էր ցույց տալիս, ինչը մեծ հետաքրքրություն էր առաջացնում իր շուրջ,- նշեց դերասանը՝ հավելելով, որ «Կայարան»-ի հաջողության հարցում իր լուման շատ մեծ է:
«Կես կատակ, կես լուրջ Ելենա Արշակյանին մշտապես ասում եմ, որ ես եմ նրա հաջողության գրավականը: Ելենայի բոլոր սերիալները, որոնցում ես նկարահանվել եմ, մեծ հաջողություններ են ունեցել: Մեկ տարի, ութ ամիս առաջ, երբ կարդացի «Կայարանի» սցենարն ու ծանոթացա կերպարիս, մեծ հետաքրքությամբ սկսեցի նրան կերտել, իսկ ավելի ուշ հասկացա, որ Առնոյի կերպարը վերջին տասնամյակում հայկական արտադրության սերիալների ամենատարբերվող ու հետաքրքիր կերպարն էր: Եթե, ըստ օրինաչափության, բոլոր սերիալներում լինում են վատ կամ լավ հերոսներ, ապա այս դեպքում նա ոչ թե վատն էր, այլ շատ հզոր կերպար էր»,- նշեց դերասանը:
Ամբողջությամբ՝ life.panorama.am