Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 11 օր Երեւանի փողոցներում, մարզերում պայքարը արդյունք ունեցավ․ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Սրա վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ, որը մշտապես աջակցել է Ս․Սարգսյանին։
-Պարոն Իսագուլյան, ինչպե՞ս ընդունեցիք Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրը։
-Եթե ուզում եք շատ անկեղծ իմանալ՝ լավ չեմ ընդունել Սերժ Սարգսյանի որոշումը, որովհետեւ նման իրավիճակներում նա պարտավոր էր մնալ, այս խնդիրը հանգուցալուծել։
-Ինչպիսի՞ հանգուցալուծում լիներ։
-Ցանկացած հանգուցալուծում. հանգուցալուծումը պետք է լիներ իր կողմից։ Գիտեք ինչ, մենք մի հատ շատ վատ ավանդույթ ունենք, որը անընդհատ շարունակվում է 30 տարի եւ եւս 30 տարի կշարունակվի, չկարողանանք ձերբազատվել այդ վատ ավանդույթներից։ Երբ որ ճշմարտությունն ասում եք, մարդիկ դա ընդունում են շատ վատ, երբ որ սահմանադրական փոփոխություններն էին, դուք գիտեք, որ ես պայքարում էի այդ փոփոխությունների դեմ, եւ հատկապես, երբ սահմանադրությունը կար, ասում էի՝ սահմանադրությունը որեւէ ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծում չի տալիս, եւ մարդիկ, որոնք, ըստ էության, պրոֆեսիոնալ իրավաբանական կրթություն չունեն, նաեւ սահմանադրություն գրելու իրավունք չունեն։
2 ամիս առաջ ասում էի, որ, եթե 149 հոդվածի առաջին կետը չկիրառեր, կունենանք լուրջ պրոբլեմներ։ Երբ Նիկոլ Փաշինյանը քայլերթը սկսել էր, ասում էի, որ սա ծանր հետեւանք կարող է ունենալ, բայց մարդկանց համար առաջնային էր Ահարոն Ադիբեկյանի կարծիքը։ Թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ժամանակ ես լինելու եմ վերջին մարդը, որ մինչեւ վերջ պաշտպանելու եմ իրենց։
-Ընդունելի չէ՞, որ առանց արյան հեռացավ Սերժ Սարգսյանը։
-Ինչո՞ւ պետք է արյուն լիներ, ես չեմ հավատում, որ կարող էր արյուն լիներ։ Զանգվածների վախի սինդրոմը մենք պետք է թոթափենք, մասսաներ էին, որ բարձրացնում էին հարցեր, որոնք 100 տոկոսով արդարացի էր, որոնք այսքան ժամանակ ցավոք լուծումներ չեն ունեցել, ամեն ինչ պետք է անեինք, որ այդ հարցերը լուծումներ ունենային։ Բայց այս պարագայում, էս կարգով, ես վստահ եմ, որ 30 տարի կարող են պայքարել, բայց այս հարցերը լուծումներ չունենան։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: