Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող հայաստանյան իրադարձություններին, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակված թավշյա հեղափոխությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեպի դժոխք ճանապարհը «սրբագործված է» բարի նպատակներով:
Որքան էլ որ ինձ դուր գան «թավիշների» 2 ծրագրային նպատակները, այն է` նեո-ֆեոդալիզմի և վայրի կապիտալիզմի տարրերի խառնուրդով գավառամիտների օլիգարխատից երկրի ազատագրում և ազատ ու արդար ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորում, այդ նպատակների սկզբունքները չեն արդարացնում ավելի կարևոր միջոցները:
Թե ինչպես է այդ սկզբունքը խաթարելը հանգեցնում աղետալի արդյունքների, պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան:
Ահա հենց այդ միջոցների վերաբերյալ էլ ինձ մոտ կասկածներ են առաջանում:
Դա չի վերաբերում ոչ բռնի ակցիաների ռազմավարությանը, երբ դրանք իրականացվում են օրենքի շրջանակներում: Ինձ նյարդայնացնում է «ժողովուրդ» եզրույթի մանիպուլյացիան վարչապետի պաշտոնը ստանալու տակտիկական խնդրի լուծման համար:
Նախ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «ժողովուրդը» հրապարակում կընտրի վարչապետին: Այստեղ տեղին է հիշել, որ Կիևում ոչ միայն վարչապետին, այլև բոլոր նախարարներին էին պատրաստվում նշանակել միայն Մայդանի համաձայնությամբ:
Երբ պարզ դարձավ, որ դա դեմոկրատիայի պրոֆանացիա է, երեկ նա սկսեց խոսել այն մասին, որ նոր վարչապետի ընտրությունները տեղի կունենան Ազգային ժողովում, այսինքն` առանց Սահմանադրության խախտման: Սակայն բոլոր խորհրդարանական խմբակցությունները պետք է շատ լրջորեն մոտենան «հաղթող ժողովրդի» ներկայացրած արտամրցակցային թեկնածուին:
Վերջապես, այսօր` օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հետ բանակցություններից հետո, որի խմբակցությունն ունի 31 պատգամավորական մանդատ, Նիկոլ Փաշինյանը, ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, արդեն սկսեց խոսել այն մասին, որ նաև արտահերթ ընտրությունները «ժողովուրդը» կբոյկոտի:
Ինձ Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմն ավելի ու ավելի է հիշեցնում 1922թ. Հռոմի վրա երթ անող Բենիտո Մուսոլինիին: Ես հեռու եմ որևէ գաղափարական զուգահեռներ տանելու մտքից. դրանք պարզապես չկան ու չեն կարող լինել: Սակայն ձևով նմանությունները բավականին շատ են` հրապարակում ելույթների ոճից՝ մինչև «հաղթող ժողովրդի կամարտահայտությանը» կատարվող անընդհատ հղումները:
Մուսոլինին այն ժամանակ հասավ իր ուզածին»: