Ավետիք Չալաբյանի հրապարակումը.
«Երեկ օրվա երկրորդ կեսին տեղի ունեցած «զարմանահրաշ» իրադարձություններից հետո, Հայաստանում ընթացող թավշյա հեղափոխությունը մի գիշերում հսկա քայլ կատարեց առաջ։ Պարզ դարձավ, որ անցյալ երկու տասնամյակի ընթացքում երկրի կառավարմանը մասնակցած ուժերը, գիտակցելով իրենց ձախողումը, պատրաստ են առժամանակ հրաժարվել իշխանությունից, և այն պատվավոր պայմաններով հանձնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորվող նոր հեղափոխական ուժին։
Մայիսի 1-ի քվեարկությանը ընդառաջ, երկրում առաջացել է բացարձակ յուրահատուկ իրադրություն (այդպիսին մեկ էլ եղել է 1990 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, և զուգահեռը պատահական չի)։ Այս իրադրության մեջ, Նիկոլ Փաշինյանը ունի երկու հիմնական տարբերակ՝
ա) շարունակել փողոցի ճնշումը, տրոհել ՀՀԿ խորհրդարանական ֆրակցիան, և ընտրվել փոքրամասնության վարչապետ՝ փողոցի պարտադրանքի տակ
բ) պայմանավորվածության գալ ՀՀԿ հետ, և փոխադարձ համաձայնությամբ, ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն, իր գլխավորությամբ
ՀՀԿ-ն, իր հերթին, ևս ունի երկու հիմանական տարբերակ՝
ա) փորձել դիմադրել փողոցի ճնշմանը, ձախողել վարչապետի ընտրությունը, և տանել իրավիճակը Ազգային ժողովի ցրման, պահպանելով սեփական ժամանակավոր կառավարությունը
բ) գնալ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնությամբ, նրա գլխավորությամբ համատեղ կառավարության ստեղծմանը
Զարմանալի զուգադիպությամբ, երկու կողմերի համար էլ ավելի նպաստավոր է երկրորդ տարբերակը, մի քանի նկատառմամբ՝
Նիկոլ Փաշինյանին դա հնարավորություն է տալիս հեղափոխության առաջնորդից դառնալ ազգի առաջնորդ՝ գերբարձր միջազգային լեգիտիմությամբ և ռեսուրսներով։ Անցումային ժամանակաշրջանում դա հնարավորություն է տալիս կարգավորել հեղհեղուկ վիճակում գտնվող միջազգային հարաբերությունները, կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիան, հենվել լայն խորհրդարանական մեծասնության վրա՝ նոր օրենքները անցկացնելիս, և օգտագործել ՀՀԿ կառավարման ռեսուրսը, որի անհրաժեշտությունը հեղափոխական թեևը սկսել է սուր գիտակցել, դատելով մեր շփումներից։
ՀՀԿ-ին դա հնարավորություն է տալիս խաղաղ դադար ստանալ, վերակազմավորել իր ուժերը, մասնակցել երկրի կառավարմանը անցումային շրջանում, և իր համար իսկ նոր էջ բացել դեպի ժողովրդավարական ապագա, որում այն, ինքնամաքրումից հետո, կարող է լինել քաղաքական համակարգի կարևոր ուժերից մեկը, ներկայացնելով սպեկտրի «աջ» թեևը։
Մեզ բոլորիս դա երաշխիք է տալիս, որ հետագա զարգացումները կլինեն անարյուն և համեմատաբար անցնցում, և որ օլիգարխիային կփոխարինի ոչ թե հեղափոխական դիկտատուրան (Լենինի ու Վանոյի ականջը կանչի), այլ ժամանակակից ժողովրդավարությունը։
Այս զարմանալի իրողությունում մնում է նստել իրար հետ իրական բանակցությունների, առանց լրագրողների և պոպուլիստական հռետորաբանության, և պայմանավորվել իրար հետ նոր կառավարության գործունեության հռչակագրի շուրջ, ներառյալ՝ նպատակները, ժամկետները, և կողմերի փոխադարձ պարտավորությունները։ 1990 թվականին, Տեր-Պետրոսյանը նախընտրեց փողոցի ճնշման միջոցով տրոհել կոմունիստական կուսակցությունից «առնետների» մի դասակ, և դրանց միջոցով ձևավորել իր իշխանությունը, արդյունքների մասին շատերս հիշում ենք, իսկ ով էլ չի հիշում, կարող է հարցնել ավագներին։
Բոլորիդ ցանկանում եմ հրաշալի կիրակի, իսկ ես էլ լավ տրամադրությամբ գնում եմ սեփական այգիս խնամեմ»։