Ալեն Թերզյանի ծնողները Ֆրանսիայում հայտնվեցին Արևմտյան Հայաստանից փաստացի փախուստի դիմելուց հետո` 1920 թվականի սկզբին։ Ալենը ծնվեց 1949 թվականի մայիսի 2-ին Փարիզում։ Այդ ժամանակ նրա հայրը հաջողակ տեքստիլ բիզնես ուներ, իսկ որդու կինեմատոգրաֆիական կարիերայի համար որևէ նախադրյալ չկար։
Լատինական թաղամասում արտիստները շատ չէին, այն ժամանակ արդեն նկարչությամբ զբաղվելը կարող էր հեռանկարային լինել. իհարկե, դա անելու էր բիզնեսի հարցում հորն օգնելուց ազատ ժամանակ։ Գուցե այն պատճառով, որ ծնողներն ամուսնալուծվել էին, գուցե մեկ այլ պատճառով, սակայն Ալենը չզբաղվեց ո՛չ բիզնեսով, ո՛չ նկարչությամբ։ Այսինքն` բիզնես կար, բայց այլ կարգի. անհաշվելի են «Ալեն Թերզյանը ներկայացնում է» տիտրերով սկսվող ֆիլմերը։
«Ես ավելի շատ ֆրանսիացի եմ, քան ցանկացած ֆրանսիացի, և այնքան հայ, որքան ցանկացած հայ»,- այս խոսքերը Թերզյանը կասի, երբ կգնահատի իր առջև բացված բացառիկ հնարավորությունները։ Ալենի համար վճռական դեր խաղաց Աշոտ Մալաքյանի (ավելի հայտնի է Անրի Վերնոյ անունով) հետ հանդիպումը։
Անվանի ռեժիսորն Ալենին հրավիրեց իր ստուդիայում աշխատելու։ Աշխատանքի առաջին իսկ օրերին Թերզյանը ծանոթացավ Ժան Գաբենի և Ալեն Դելոնի հետ. Համաձայնենք`այդքանից հետո իր կյանքը կինեմատոգրաֆի հետ չկապելն անհեթեթություն կլիներ, ճակատագրական սխալ։
Ալենը կինեմատոգրաֆում հայտնվեց խուճուճ ճանապարհով, Սորբոնի տնտեսական բաժնի միջոցով։ Նա գիտական աշխատություն էր գրել ֆրանսիական կինեմատոգրաֆի մասին, իհարկե` տնտեսական տեսանկյունից։ Սակայն տնտեսագիտությունը ճշգրիտ գիտություն է, իսկ Թերզյանը, հավանաբար, ստեղծագործական աշխատանքով էր ցանկանում զբաղվել. և նա կինոպրոդյուսեր դարձավ, այդ ոլորտում նրան պետք եկան Սորբոնում ստացած գիտելիքները։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am