Արյան առաջին խումբ ունեցողների համար ծանր վնասվածքից մահանալու հավանականությունը եռակի բարձր է, քան արյան մյուս խմբերով մարդկանց մոտ։ Այս մասին հայտնում են Տոկիոյի բժշկական ու ատամնաբուժական համալսարանին կից հիվանդանոցի գիտնականները։
Critical Care ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում նրանք ուսումնասիրել են վնասվածքներով 901 հիվանդների մասին տվյալներ, որոնց շտապ օգնություն է ցուցաբերվել։ Պարզվել է, որ ծանր վնասվածքներով ու արյան առաջին խմբով հիվանդների շրջանում մահացությունը հավասար է 28 տոկոսի։ Արյան այլ խմբերով մարդկանց մոտ այդ ցուցանիշները եռակի ցածր են՝ ընդամենը 11 տոկոս։
Բժիշկ Վատարու Տակայաման՝ հետազոտության հեղինակներից մեկը, նշել է, որ արյան խմբի ու ստացած վնասվածքից մահացության հավանականության միջև փոխադարձ կապի թեմայով գիտական աշխատությունները չափազանց սակավաթիվ են եղել։ Ճիշտ է, նախկինում գիտնականները պարզել էին, որ արյան վատ մակարդելիության պատճառով արյան առաջին խումբ ունեցող մարդկանց շրջանում ավելի բարձր է արյան կորստի հավանականությունը։ Դա կարող է կապակցված լինել այդ խմբի արյան մեջ ֆոն Վիլլենբրանդի գործոնի ցածր պարունակության հետ։ Նոր հետազոտության հեղինակների կարծիքով՝ բացառված չէ, որ այդ նույն պատճառով էլ վնասվածքների հետևանքով մահացությունն ավելի բարձր է արյան առաջին խումբ ունեցողների շրջանում։
Տակայամայի խոսքով՝ այդ բնագավառում հետագա հետազոտություններ են անհրաժեշտ, որպեսզի մշակվեն ծանր վնասվածքներով հիվանդների բուժման ավելի արդյունավետ մարտավարություններ։ Բացի դրանից, հիմքեր կան ենթադրելու, որ արյան առաջին խումբ ունեցող ծանր վնասվածքներով հիվանդներին էրիթրոցիտների փոխներարկումը կարող է ազդել հոմեոստազի վրա՝ պրոցես, որի շնորհիվ արյունահոսությունը կանգ է առնում։ Այս հարցը նույնպես հետագա ուսումնասիրության կարիք ունի։