Անկախությունից արդեն բավական տարիներ են անցել և գիտության ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու ժամանակն է: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց, Աստղաֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Դուբլինի Առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի, Մոսկվայի ինժեներո-ֆիզիկական ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Գերմանիայի Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի բարձր էներգիաների աստղաֆիզիկայի բաժնի ղեկավար, Վիկտոր Համբարձումյանի, ինչպես նաև Բրունո Ռոսսիի անվան միջազգային գիտական մրցանակակիր Ֆելիքս Ահարոնյանը: Նա Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակակին արժանացել է բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման համար: Ֆելիքս Ահարոնյանը նշեց, որ վերջին 20-30 տարում ամբողջ աշխարհում գիտության ոլորտում արձանագրվել են բազմաթիվ փոփոխություններ: Ըստ նրա՝ պետք է հասկանալ ժամանակակից միտումները միջազգային գիտական կենտրոններում և, ըստ դրա, համապատասխան պլաններ մշակել Հայաստանում գիտական ուղղությունների առաջնորդությունը ձևակերպելու ուղղությամբ:
«Ես որպես գիտնական կազմավորվել եմ Խորհրդային միությունում, խոսում եմ այդ ժամանակաշրջանի և՛ լավ, և՛ վատ կողմերի մասին: Բայց այսքան տարիներ անց նստել ու ասել, այ սովետական ժամանակաշրջանում ամեն ինչ լավ էր, իսկ այսօր գիտության համար հատկացվող գումարը քիչ է, այդ պատճառով այսպիսիս վիճակ ունենք, ճիշտ չեմ համարում: Մի քիչ չափազանցվում է սովետական ժամանակաշրջանի դերը: Փող չկա ասելու փոխարեն, պետք է ուղիներ փնտրել գիտության ոլորտը նոր մակարդակի բերելու համար»,– ասաց Ֆելիքս Ահարոնյանը:
Որքանո՞վ է ճիշտ գիտության մի ուղղությամբ, օրինակ` ֆիզիկայի գծով 5-6 ինստիտուտ պահելը: Այս հարցն է բարձրացնում գիտնականը: Նրա կարծիքով, դա շռայլություն է նույնիսկ շատ ավելի բյուջե ունեցող երկրների համար: Գիտնականի խոսքով, յուրաքանչյուր այդ ինստիտուտից կարելի է առանձնացնել 3-4 իսկապես պրոֆեսիոնալ մասնագետի:
«Եթե յուրաքանչյուր ինստիտուտից 3-4 գիտնականի առանձնացնես, ապա, ընդհանուր առմամբ, կլինի բարձր մակարդակի 20 մասնագետ: Նրանք էլ իրենց շուրջ կհավաքեն երիտասարդներին և դա ֆիզիկայի մի քանի ուղղությունների դեպքում լիովին բավարար կլինի Հայաստանի համար: Ճիշտ կլինի ընտրել մի քանի ժամանակակից ուղղություն և դրանք զարգացնել, բոլորովին կարիքը չկա բոլոր ուղղություններով ինստիտուտ պահելը: Խորհրդային տարիներին ով ակադեմիկոս էր դառնում, առանձին ինստիտուտ էր բացում, ու դա այսօր ժառանգություն է մնացել: Այսօր Հայաստանում շատ ինստիտուտներ կան, որոնք 40-50 տարի առաջ էին պահանջված»,-ասաց Ֆելիքս Ահարոնյանը:
Ավելի կոնկրետ, ինչ վերաբերում է ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ասպարեզին, ապա նրա կարծիքով, պետք է այսօր գործող բոլոր ֆիզիկայի ինստիտուտները և գիտահետազոտական կենտրոնները միավորել մի ինստիտուտի տանիքի ներքո, որտեղ կլինեն մի քանի արդյունավետ աշխատող բաժիններ: Օրինակ, բարձր էներգիաների փորձարարական ֆիզիկա, միջուկային ֆիզիկա , ոչ գծային ֆիզիկա, պինդ մարմնի ֆիզիկա, տեսական ֆիզիկա, աստղաֆիզիկա, գուցե նաև բիոֆիզիկա: Ֆելիքս Ահարոնյանի խոսքով, լավ օրինակ կարող է լինել Վայցմանի անվան ինստիտուտը Իսրայելում, որը համարվում է աշխարհի լավագույն գիտահետազոտական կենտրոններից մեկը: Նա համոզված է, որ Հայաստանում այդ կարգի կենտրոն կարելի է ստեղծել: Այն կարող է գրավիչ լինել նաև արտասահմանյան մասնագետների համար: Շատ կարևոր է, որ այդ բաժինների հետազոտող գիտնականները սերտորեն համագործակցեն այժմ գործող բուհերի համապատասխան կաֆեդրաների հետ: Սա կարող է թվալ շատ ամբիցիոզ պլան, բայց, Ֆելիքս Ահարոնյանը, համոզված է, որ դա կարելի է իրականացնել ներկայում Հայաստանում աշխատող միջին և երիտասարդ տարիքի կադրերի ուժերով: Արտասահմանում աշխատող հայ և գուցե նաև օտարերկրացի հայտնի մասնագետները կարող են լուրջ օգնություն ցուցաբերել այս պրոցեսն իրականացնելու գործում»:
«Այո, գիտնականը պետք է ապահովված լինի, որ չմտածի կենցաղային հարցերի մասին, այլ կենտրոնանա իր աշխատանքի վրա, սակայն անընդհատ ասել, թե փող չկա, ոչինչ չանել, դա էլ տեղին չէ: Այսօր եղած միջոցներով էլ հնարավոր է ինչ-որ բան անել, եղած պայմաններում կարելի է գտնել ձևը: Անկախության տարիների առաջին 10 կամ 20 տարում, որ բարեփոխումներ չէին արվում, հասկանալի էր, բայց հիմա ժամանակն է գնալ այդ քայլերի»,-հավելեց գիտնականն՝ ընդգծելով, որ պետք է ամբիցիոզ լինել: Նրա խոսքով, Հայաստանում նույնիսկ սուղ ֆինանսական պայմաններում կարելի է ստեղծել մեկ ամենաբարձր միջազգային մակարդակի ֆիզիկայի ինստիտուտ: Մանավանդ, որ կադրային ներուժ Հայաստանն ունի, այստեղ դպրոցական մակարդակում կրթությունը լավ հիմքի վրա է, հումքը կա, մնում է ճիշտ ուղղորդել երիտասարդներին:
Ֆելիքս Ահարոնյանը նշեց, որ միաժամանակ պետք է շատ զգույշ լինել կադրերի հարցում: Պետք է մեխանիզմներ մշակել տարբերելու գիտությանն իսկապես նվիրված երիտասարդներին, երիտասարդ կարիերիստներից և շառլատաններից: Ըստ նրա՝ վերջիններս, որպես կանոն, հայտնվում են «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում» և իրենց «ծառայություններն են» առաջարկում: Իսկ գիտությանը նվիրված երիտասարդները շատ հաճախ չեն կարողանում դիմանալ ագրեսիվ կարիերիտսների հետ մրցակցությանը, այդ պատճառով նրանց պետք է խրախուսել և աջակցել:
«Ես մի օրինակ բերեմ: Այսօր Հայաստանում կան բարձր էներգիաների տեսական ֆիզիկայի ասպարեզում մասնագետներ, ընդ որում, միջազգային ամենաբարձր մակարդակի, սակայն ոչ ոք այդ մասին չի խոսում: Այսօր համոզված չեմ, որ շատ եվրոպական երկրներում այդպիսի մակարդակի 10 տեսաբան կգտնվի, իսկ մեզ մոտ կա: Ի դեպ, տեսաբան ֆիզիկոս պատրաստելը հեշտ գործ չէ: Այսօր բարձր տեղեկատվական տեխնոլոգիաներ շատ երկրներ ունեն, իսկ միջազգային մակարդակի տեսական ֆիզիկայի դպրոց՝ մատերի վրա կարելի է հաշվել: Ասածս այն է, որ անհրաժեշտ է այդ լավ կորիզը հավաքել, կոնկրետ ուղղություններով աշխատել ու մտածել երիտասարդներ պատրաստելու մասին»,- ասաց Ֆելիքս Ահարոնյանը:
Խոսելով հավակնոտ լինելու մասին՝ Ֆելիքս Ահարոնյանն առանձնացրեց գիտության ոլորտում իրականացվող Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ սահմանելը:
«Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ սահմանելը հիանալի գաղափար է: Այն շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, և մեր երկրին պետք են այսպիսի նախաձեռնություններ: Շատերը, երբ իմանում են, որ Հայաստանում այսպիսի մրցանակ կա, զարմանում են: Այն միանշանակ նպաստում է երկրի հեղինակության է բարձրացմանը: Ի վերջո միայն ֆուտբոլը կամ շախմատ չէ, մենք նաև ներկայանում ենք գիտությամբ: Սա ֆանտաստիկ բան է, մի երկիրը, որտեղ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով իրավիճակը ծանր է, բայց կարողանում է մեծ բյուջեով այսպիսի մրցանակաբաշխություն իրականացնել, պարզապես հրաշալի է: Սա շատ կարևոր է նաև Վիկտոր Համբարձումյանի հիշատակը միջազգային հանրության մակարդակով պահելու համար, ժամանակի հետ շատերը չեն հիշում, թե ով է Համբարձումյանը, այդ իմաստով ևս այս նախաձեռնությունը կարևոր է, խոսվում է նրա աշխատանքի մասին»,-ասաց Ֆելիքս Ահարոնյանը, ով առիթ ունեցել է հանդիպելու Վիկտոր Համբարձումյանին:
Կիսվելով իր տպավորություններով՝ Ֆելիքս Ահարոնյանը նշեց, որ Համբարձումյանը շատ խոշոր երևույթ է, Հայաստանում զրոյից ստեղծել է աստղագիտություն, մեր երկրում զարգացրել է աստղաֆիզիկայի երկու, երեք ուղղություն: Ըստ նրա՝ նա շատ ավելի խոշոր գիտնական է, քան այսօր Հայաստանից դուրս շատերը կարծում են: Պատճառներից մեկը, ըստ մասնագետի, Հայաստանում նրա մահից հետո աստղաֆիզիկայի ասպարեզում լճացումն է: Գիտնականը, ցավոք սրտի, առայժմ դրական քայլեր և ցանկություն չի տեսնում դրությունը կտրուկ բարելավելու ուղղությամբ:
«Ցանկացած աշխատանքում մարդ պետք է լինի պրոֆեսիոնալ, կապ չունի գիտնական ես, սուրճ պատրաստող, դերձակ: Դրա համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք, վստահություն սեփական կարողությունների վրա, բայց միաժամանակ համեստություն, ժամանակին համընթաց քայլելու ցանկություն և ունակություն»,– հավելեց նա: