Մայիսի 7-ը Ռադիոյի միջազգային օրն է: Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվել է ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945-ից այն նշվում է ամեն տարի:
Ժամանակակից տեխնոլոգիայի զարգացման բովում ռադիոն շարունակում է կատարել իր առաքելությունը: Այն շարունակում է մնալ տեղեկատվական աղբյուր, հենք և հիմնաքար: «Արմենպրես»-ը փորձեց պարզել Հանրային ռադիոյում տիրող եռուզեռը տոնական միջավայրում:
Ռադիոյի դերի, կարևորության, արդիականության մասին խոսեցին Հանրային ռադիոյի լրատվական բաժնի ղեկավար Արմեն Վարդանյանը և արեւմտահայերեն լուրերի մեկնաբան, հայրենադարձ Անի Զեյթունցյանը: Վերջինս յուրաքանչյուր աշխատանքային օր լրատվական թողարկումները վարում է արևմտահայերեն: Եվ սրա շնորհիվ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները ակնհայտ կերպով կապվում են հայրենիքին: Էականն այն է, որ սա հանդիսանում է կամուրջ աշխարհով մեկ սփռված հայերի համար:
Արմեն Վարդանյանը նշեց, որ ռադիոն խոսքի կենտրոն է, հետևաբար այնպես պետք է կառուցվի, որ դյուրին ընկալվի հանրության կողմից: «Ես աշխատանքս սկսել եմ թերթից, սակայն ռադիո գալուն պես հասկացել եմ, որ այն ուրիշ աշխարհ է, թվացյալ ճահիճը չկա, ռադիոյում աշխատելու համար հատուկ բնավորություն է անհրաժեշտ»,- հավելեց Վարդանյանը, իսկ այն հարցին, թե ժամանակակից տեխնոլոգիայի զարգացման բովում ռադիոն արդյոք շարունակում է կապել հասարակությունը արտաքին աշխարհին, նա պատասխանեց. «Ռադիոն ամեն կերպ քայլում է ժամանակի հետ, իրադարձություններին արձագանքում հնարավորինս շատ և շուտ, սակայն նույն տեխնոլոգիայի զարգացումը առաջ է բերել «ռեալիթի շոու», որի հնարավորությունը ռադիոն չունի, այնուամենայնիվ, ռադիոն շարունակում է ապրել ամբողջ աշխարհում, այդպես ապրում է նաև թատրոնը»:
Անի Զեյթունցյանը նշեց, որ այսօր ռադիոն հնաոճ է երիտասարդների համար, սակայն չպետք է մոռանալ, որ այն հիմնաքար է, հիմնասյուն. «Բայց և այնպես, այն իր կարևոր դերն ունի հասարակության որոշ շերտի համար, վարորդները լսում են, տեղեկանում, ռադիոն շարունակում է ապրել, իսկ լուրերի արևմտահայերեն թողարկումը շատ գեղեցիկ քայլ էր Հանրային ռադիոյի կողմից, որի շնորհիվ Հայաստանը կապվում է Սփյուռքի հետ»:
Ռադիոյի նվիրյալ աշխատողները տնօրեն Մարկ Գրիգորյանի գլխավորությամբ շնորհավորեցին միմյանց և ոգևորությամբ շարունակեցին աշխատանքը Հանրային ռադիոյում, որտեղ ամեն օրն է տոն: