Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն պատրաստ է ձեռնամուխ լինել Վիետնամի պատերազմի վետերանի մասին պատմող «Ռեմբո» ֆրանշիզայի հինգերորդ մասի նկարահանումներին: Այդ մասին հայտնել է Deadline հրատարակությունը:
Ստալոնեն, ըստ հրատարակության տվյալների, այժմ ուսումնասիրում է սցենարը. նկարահանումների մոտավոր ժամկետը նշանակված է այս տարվա սեպտեմբերին: Որպես ժապավենի պրոդյուսեր հանդես կգա Ավի Լեռները, որը եղել է պատմության չորրորդ մասի պրոդյուսերը: Ֆրանշիզայի հինգերորդ մասում ֆերմայում աշխատող Ռեմբոյի ընկերներից մեկի դստերն առևանգում են, և գլխավոր հերոսն ուղևորվում է Մեքսիկա:
Հենց որ Ռեմբոն հատում է հարևան երկրի սահմանը, նա դիմակայության մեջ է մտնում Մեքսիկայի ամենադաժան կարտելներից մեկի հետ:
Վիետնամի պատերազմի վետերանի մասին պատմող ֆրանշիզայի առաջին ֆիլմը, որը կրում է «Ռեմբո. առաջին արյունը» անվանումը, թողարկվել է 1982 թվականին: Դրանից հետո թողարկվել է ևս երեք ֆիլմ՝ 1985, 1988 և 2008 թվականներին: