Ցանկացած շարժում, որ փողոցային պայքարից հայտնվում է իշխանության ղեկին, խնդիր է ունենում ինստիտուցիոնալիզացնելու իրեն՝ որպես քաղաքական երևույթ, այլապես կկանգնի իշխանությունից նորից դեպի փողոց գլորվելու սպառնալիքի առջև։
Ինստիտուցիոնալացման համար անհրաժեշտ է ռեսուրս։ Դիցուք՝ ղարաբաղյան շարժման ինստիտուցիոնալացման գործիքակազմը բաղկացած էր հենց պատերազմական ռեսուրսից։ Պատահական չէ, որ շարժման արդյունքում իշխանության եկան այն մարդիկ, որ ունեին զենք (Ռոբերտ Քոչարյան, Սամվել Բաբայան), և այն մարդիկ, որ ունեին մատակարարման հետ առնչող ռեսուրսներ, ասել է թե՝ մարդկանց ու այլ ռեսուրսների կուռ ցանց (networking) (Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան)։ Երբ շարքային ազատամարտիկները հեգնում են, թե «Վազգենը մի 5 ֆիդայու հետ գալիս էր, իրանց թողնում ու գնում, Վազգենից ի՜նչ կռվող» կամ «Սերժը մեզ բենզին էր բերում, Սերժից ի՜նչ կռվող», նրանք չեն հասկանում, որ այդ պրոցեսների հետևում ընկած էր կազմակերպչական ու լոգիստիկ ահռելի աշխատանք, որի կապիտալիզացման շնորհիվ էլ նշյալ անձինք հետո դարձան իշխանություն։
• Ո՞րն է լինելու հայաստանյան վերջին շարժման ինստիտուցիոնալիզացիայի հիմքը։ Պատմական ու ժամանակակից օրինակները ցույց են տալիս, որ ոչ արևմտյան և/կամ ավանդական հասարակություններում այդ դերը շատ հաճախ վերապահվում է անձի պաշտամունքի երևույթին։ Եվ իրոք, Հայաստանը, ցավոք, չունի այնքան ռեսուրս, որ արագահաս տնտեսական զարգացման շնորհիվ նոր իշխանությունները կարողանան տևական լեգիտիմության հասնել, հետևաբար՝ եթե բացակայում է ռացիոնալը, պետք է գործի իռացիոնալը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է Նիկոլ Փաշինյանի անձի սակրալացմանը։ Դա էլ, իր հերթին, ուղեկցվելու է Սերժ Սարգսյանի կերպարի անտիպոդացմամբ, որպեսզի ավելի ցցուն լինի Փաշինյանի մեսիականությունը՝ «նա, որը ժողովրդին ազատագրեց գերությունից»։ Արդեն այսօր ակնհայտ երևում են այս պրոցեսի առաջին դրսևորումները՝ համապատասխան իկոնոգրաֆիայից սկսած՝ թեմատիկ տեքստերով վերջացրած։
• Պարզելը՝ սա լավ է, թե վատ, դուրս է հետազոտողիս խնդրակարգից։ Հետազոտողն ուղղակի նկարագրում է օբյեկտիվ իրականությունը և փորձում կանխատեսումներ անել։ Կանխատեսումս հետևյալն է։ Անկախ նրանից, թե սոցիալ-տնտեսական ինչ հաջողություններ կունենա Նիկոլ Փաշինյանի դահլիճը, կձևավորվի մի կայուն ընտրազանգված, որ կսատարի նախկին ընդդիմության առաջնորդին։ Կախված սոցիալ-տնտեսական հաջողություններից՝ այդ ընտրազանգվածը կարող է լինել մեծ կամ փոքր։ Մյուս կողմից՝ կլինի հակառակ մեծազանգված խումբը, որ տեղի ու անտեղի կքննադատի Ն․ Փաշինյանի վարած քաղաքականությունը, այդ թվում՝ անձի պաշտամունքը։ Արդյունքում հայաստանյան քաղաքական դաշտը լիովին կտեղավորվի տարածաշրջանային սոցիո-մշակութային իրողությունների համաշարում (Թուրքիա, Ռուսաստան, մասամբ՝ Ադրբեջան), որտեղ երկրի ղեկավարին սիրողների ու չսիրողների թիվը համակշռում է։
• Տեղին է հիշատակել, որ այս ամենի օբյեկտիվ նախադրյալները կային նաև նախկինում, սակայն չկար սուբյեկտը՝ հանձին Սերժ Սարգսյանի, որ հեռու էր պոպուլյար ու խարիզմատիկ գործչի դիրքավորումից։ Եվ եթե վերջինս առաջնորդվում էր պատրիարխալ ավտորիտարիզմին բնորոշ «ես գիտեմ, ինչ է պետք երկրին, և կտամ դա», ապա Նիկոլ Փաշինյանն առայժմ առաջնորդվում է «ես գիտեմ, ինչ է ուզում ժողովուրդը, և կտամ դա» կարգախոսով՝ շարունակելով մեծացնել ժողովրդական համակիրների թիվը։ Սրա բացորոշ վկայությունն են հանրահաճո այնպիսի ակտերը, որպիսիք են ուղիղ եթերների շարունակումը, որ նշանակում են չընդհատվող կոմունիկացիա, և նախկին նախագահական նստավայրի կերպավորումը որպես հայկական Բաստիլ կամ Ձմեռային պալատ։
Էդգար Էլբակեան
Վերլուծաբան, հոդվածագիր