Մայիսի 18-ին դերասան Նիկոլայ Կարաչենցևը Իսրայելից Մոսկվա է վերադարձել ճառագայթային թերապիայի բուժընթացից հետո և անմիջապես հոսպիտալացվելու է Մոսկվայում բուժզննման և քիմիաթերապիայի սեանս անցնելու համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին պատմել է դերասանի որդին՝ Անդրեյ Կարաչենցևը:
Մարտի վերջին Նիկոլայ Կարաչենցևը կնոջ՝ Լյուդմիլա Պորգինայի հետ միասին մեկնել էր Իսրայել թոքի վրա չարորակ նորագոյացության դեմ ճառագայթային թերապիա անցնելու համար, որը հայտնաբերվել էր անցյալ տարվա աշնանը: Կես տարվա ընթացքում դերասանը հաջողությամբ քիմիաթերապիայի վեց բուժընթաց է անցել ՌԴ մայրաքաղաքի կլինիկաներից մեկում:
«Նրանք տեղ են հասել, ամեն ինչ նորմալ է: Այժմ հայրիկին անմիջապես կտանեն հիվանդանոց՝ Իսրայելից հետո հետազոտվելու համար: Պլանավորվում է ճառագայթային թերապիայից հետո անցկացնել քիմիաթերապիա»,- պատմել է Անդրեյ Կարաչենցևը: Նրա խոսքով՝ Իսրայելում ճառագայթային թերապիայի բուժընթացն ավարտելուց հետո արված նկարումը ցույց է տվել, որ ուռուցքն զգալիորեն փոքրացել է: