«Սոբիբոր» ռազմական դրամայի պրեմիերան տեղի կունենա Հայ-ռուսական համալսարանում։
Դերասան և ռեժիսոր Կոնստանտին Խաբենսկու «Սոբիբոր» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա մայիսի 22-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը։
ՀՌՀ-ում նշեցին, որ ցուցադրությունը կկայանա «Ռոսսոտրունդիչեստվո» կազմակերպության, ՌԴ մշակույթի նախարարության ու Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։
«Հրավիրում ենք ռուսական կինոյի բոլոր սիրահարներին պատմական ֆիլմ դիտելու։ Հեղինակները կարծում են, որ յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ պետք է դիտի այս ֆիլմը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կոնստանտին Խաբենսկու «Սոբիբոր» ռազմական դրամայի հիմքում իրական դեպքեր են։ Ֆիլմը պատմում է Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ «Սոբիբոր» նացիստական ճամբարում միակ հաջողված ապստամբության մասին (այդ ճամբարում մոտ 250 000 մարդ է մահացել), որը գլխավորել է խորհրդային սպա Ալեքսանդր Պեչյորսկին։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլի 23-ին Վարշավայում։ Ապրիլի 24-ին կայացել է ռուսաստանյան ցուցադրությունը Պեչյորսկու հայրենի քաղաք Դոնի Ռոստովում։ «Սոբիբորը» ցուցադրվել է նաև Վաշինգտոնում, Նյու Յորքում ու Ստրասբուրգում։ Ռուսաստանում ֆիլմը մեծ էկրան է բարձրացել մայիսի 3-ին։
Դերասան Կոնստանտին Խաբենսկու ռեժիսորական դեբյուտը ներկայացվել է նաև Կաննի միջազգային կինոշուկայում։
«Սոբիբոր» ֆիլմի ինֆորմացիոն գործընկերը «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն է, որի առաքելությունն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն օպերատիվ, հավասարակշռված և օբյեկտիվ լուսաբանելն է, լսարանին առանցքային դեպքերի շուրջ տարբեր տեսակետներ ներկայացնելը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ- ն ներկայացնում է մի շարք տեղեկատվական գործակալություններ` ՌԻԱ Նովոստի, Ռ-Սպորտ, ՌԻԱ Նեդվիժիմոստ, Փրայմ, ՌԻԱ Ռեյտինգ, ԻնոՍՄԻ։