Tert.am Life–ն զրուցել է հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ Վերջին զանգին հեռուստասերիալն ավարտել չեն պատրաստվում և որոշ հետաքրքիր մանրամասներ պատմեց։
«Չեմ ասի, թե վաղ է ավարտի մասին խոսելը, միևնույն ժամանակ, «Էլենի օրագրում» ցուցադրելու և զարգացնելու դեռ շատ բան ունենք,– ասաց նա, իսկ դիտարկմանը` արդյոք բարձր ռեյթինգն է նպաստել նախագծի` երկարատև դառնալուն, պատասխանեց,– Ռեյթինգը կարևոր է, հաճախ է նախագծի երկարությունը տատանվում է դրանով պայմանավորված, բայց մենք մեր նախանշած ուղուց չենք շեղվել:
Այն, որ նախագիծը մեկ ուսումնական տարվա կյանք կունենա, պարզապես, երկրպագուների ենթադրությունն էր։ Այդ մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել»:
Ըստ էության, «Էլենի օրագիրը» կոտրեց կարծրատիպը, որ սերիալում պետք է քրեական զարգացումներ լինեն, հերոսներն անդադար լան, որպեսզի նախագիծը դիտելիություն ունենա։ Համացանցում կարող են, օրինակ, լայն տարածում գտնել հերոսների էմոցիոնալ նամակները, ասմունքը, սիրո խոստովանությունները։ Սցենարիստը կարծում է, որ այս դեպքում խոսքը ոչ այնքան կարծրատիպեր կոտրելու, որքան ժանրային և թեմատիկ առանձնահատկությունների մասին է։
Անին սցենարը գրում է միայնակ, օգնականներ չունի։ Սցենարիստն իր աշխատանքին միջամտություններ չի սիրում։ Սցենարի մասին խոսելիս նշում է` իմ պատմությունը, քանի որ «Էլենի օրագրում» ներդնում է ոչ միայն իր ժամանակը, այլև հույզերը, սերը, էներգիան։ «Կարիերայիս սկզբում ինքս եմ որպես օգնական աշխատել, գիտեմ, թե դա որքան բարդ աշխատանք է: Տեսնել, թե ինչպես է ջնջվում դիալոգը, որի վրա շատ երկար տանջվել ես, հրաժարվել սյուժեի զարգացման քո տարբերակից, որովհետև սցենարի հեղինակն իր գաղափարներն ունի, միևնույն ժամանակ, մարդկայնորեն չնեղանալ, չհիասթափվել աշխատանքից` սա ստեղծագործող մարդու համար շատ բարդ պրոցես է»,– հիշեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am