Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ երկրում և մասնավորապես՝ կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները հնարավորություն են Հայաստանի համար ունենալու ավելի լավ կրթական համակարգ։
«Փոփոխությունների կողմնակից եմ և շատ ուրախ եմ, որ այսպես եղավ, որովհետև մեր կրթական համակարգը հայտնվել էր ճահիճի մեջ։ Ոչ մի էական քայլ չէր արվում իրավիճակը բարելավելու, խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ամեն ինչ արվում էր մակերեսային, ձևի համար», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ս. Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իհարկե, այս փոփոխությունն ավտոմատ չի նշանակում, որ այսուհետ ավտոմատ լավ է լինելու, բայց հստակ է, որ գոնե հետ վերադարձի ճանապարհ չի ունենալու։
Նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի համար, Խաչատրյանի խոսքով, այս իրավիճակը բավական բարդ է, որովհետև տարիների ընթացքում խնդիրները կուտակվել են, չեն բարձրաձայնվել, մարդիկ լռել են, և հիմա, երբ փորձեն լուծել խնդիրները, անշուշտ, լինելու են բազմաթիվ դժգոհողներ։
«Հուսով եմ, որ լավ կլինի, բայց չեմ կարծում, թե այն գլխավոր հարցերը շատ արագ կլուծվեն», – ասաց փորձագետը։
Հարցին, թե շա՞տ են այդպիսի հարցերը և խորքային են դրանք, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց.
«Խորքային են, նույնիսկ այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք մակերեսի վրա, դրանք էլ են խորքային։ Օրինակ՝ դրամահավաքը։ Դրամահավաքի պատճառն այն չէ, որ տնօրենը, ուսուցիչը կամ ծնողը վատն են։ Պատճառն այն է, որ գործող կրթական համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք այդ տեսակի երևույթների համար տեղ են բացում։ Եթե մեր ուսուցիչներն օբյեկտիվ թվանշաններ նշանակեն քննության ժամանակ, կպարզվի, որ աշակերտների 50 տոկոսը պետք է դպրոցը չավարտի։ Դրա համար կա այսպես ասած պայմանավորվածություն ծնողների և դպրոցների միջև, ծնողների մեծ մասը մասնակցում է դրամահավաքներին, որովհետև դա քննության ժամանակ մեղմ վերաբերմունքի արժանանալու գործիք է»։
Փորձագետը նշեց, թե կարող ենք հակադարձել՝ նշելով, թե եթե աշակերտն անբավարար է ստանում, ուրեմն ուսուցիչն է վատը։ Ինքը, սակայն, այդ կարծիքին չէ։
«Չէի ասի, ոչ թե ուսուցիչն է վատը, այլ վատն է Հայաստանի կրթական քաղաքականությունը, որն այս տարիների ընթացքում ուսուցչին ոչ նորմալ աշխատավարձ է տվել, ոչ աջակցություն է ցույց տվել, մի շարք հարցերում թերացել է։ Երբ նայում ենք դրամահավաքի շղթան, վերջում այն գալիս, կանգնում է կրթության և գիտության նախարարությունում։ Հետևաբար, լուծումները պետք է գան նախարարությունից։ Նախարարության խնդիրն այս պահին ոչ միայն և ոչ այնքան տնօրեններ բռնելն է, այլ՝ մեխանիզմներ առաջարկելը», – նշեց Խաչատրյանը։
Եզրափակելով խոսքը՝ Սերոբ Խաչատրյանն ընդգծեց, թե ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ թե անձինք են, այլ՝ կրթական սխալ քաղաքականությունը.
«Մեղավորը կրթական սխալ քաղաքականությունն է և ուսուցման սխալ փիլիսոփայությունը»։