Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հրապարակումը.
Մաս Գ
Կամաց-կամաց կարծես սկսում էի հասկանալ, թե նախորդ երեկոյան ինչ ասել էր «քրդերը մեր դեմ շատ փորձեցին, բայց չկարողացան»: Փաստորեն մահմեդականացած ու նաև քրդախոս դարձած հայերը նույնիսկ այդ վիճակում էլի հանգիստ ապրելու հնարավորություն չունեին և ստիպված էին ատրճանակը բարձի տակ քնել, մինչդեռ այս մարդկանց կյանք ու բարքից, իրականությունից կտրվածս թեկուզ մտքումս` անխոհեմաբար ինձ թույլ էի տվել նշյալ արտահայտությունը սնապարծության վերագրել: Ինձ համար քիչ-քիչ պարզվող իրականությունը նոր հարցերի տեղիք էր տալիս և ուզեցի տեղեկանալ հայ-քրդական հարաբերությունների մերօրյա լարվածության պատճառների մասին: Հաջի Ազատն այսպես բացատրեց. «Քրդերի հետ մենք ընդհանրապես հաշտ ու խաղաղ ենք ապրում, բայց մեկ հարց կա, որի պատճառով երբեմն հարաբերությունները սրվում են. դա այն է, որ հայերս նրանց աղջիկ չենք տալիս, մինչդեռ պատահում է, որ մեր տղաները քրդուհիների հետ են պսակվում: Այս խնդիրը զայրացնում է քրդերին, որի պատճառով էլ երբեմն բախումներ ենք ունենում:
Ես, թե լսում էի հարցիս պատասխանը և թե մտորում մեկ այլ բանի մասին. Դա այն էր, թե ի՞նչ պիտի անեմ նվերս, ավելի մտածում էի մի ձևով, այնպես որ միայն թե չնեղացնեմ մարդուն, բայց փորձեմ հրաժարվել նվերիցս` մակարով ատրճանակից, քանի որ համոզված էի, որ դրա պատճառով ոչ միայն կարող էի Թուրքիա-Վրաստան, ապա նաև Վրաստան-Հայաստան սահմաններին լուրջ խնդիրներ ունենալ, այլև, ի վերջո մտածում էի, որ եթե նույնիսկ կարողանամ ատրճանակն անփորձանք ու բարեհաջող Երևան հասցնել` ի՞նչ եմ անելու դրա հետ Երևանում:
Ի վերջո որոշեցի Հաջիին բացատրել կացությունը և այդպիսով շնորհակալությամբ հրաժարվել նվերիցս: Ճիշտն ասած մինչ օրս չեմ գտել նվերիցս հրաժարվելու մեկ այլ ձևակերպում, որն ավելի տանելի կթվար թե՛ ինձ և թե՛ Հաջիին, բայց այն, ինչը թարգմանի օգնությամբ արտահայտեցի այդ պահին խորապես հիասթափեցրեց զենքի պաշտամունքով ապրող ազգակցիս:
Պիտի խոստովանեմ, որ մինչև հիմա, նույնիսկ այսքան տարիներ անց, ամեն անգամ երբ մտաբերում եմ այդ պահը, որևէ կերպ չարդարացվող ամոթի ծանր զգացումներս պաշարում են ինձ, քանի որ անմիջապես աչքիս առաջ հայտնվում է հաջի Ազատի հուսախաբ և ակնհայտորեն հիասթափված դեմքը, որ ճիշտ է` ոչ մի բառ չարտասանեց, բայց իր դեմքի արտահայտությունն ինձ պարզորոշ ասում էր հետևյալը. «սա էլ իրեն տղամարդ է կարծում, տղամարդուն զենք եմ նվիրում, չգիտես ինչ պատճառաբանություններ է առաջ բերում և զենքից հրաժարվում, թու՛ քեզ տղամարդ ասողի…»: Այս խոսքերն էին, որ կարդացի այդ պահին իմ պատճառով տխրությամբ գլուխը կախ գցած ատրճանակը բարձի տակ քնող արյունակցիս դեմքին:
Օրվա ընթացքում հաջի Ազատի և նրա որդիներից մեկի` Հիքմեթի առաջնորդությամբ այցելեցինք մի քանի հարևան գյուղերը. Արմիզոնք, Գանձակ, Ծակծակ և Տիլան: Վերջինումս հայերեն արձանագրություններով ժայռախաչեր տեսանք, իսկ Ծակծակի մոտ ակնհայտորեն հայ քարգործ վարպետների ձեռքի աշխատանք` մի լավ պահպանված մահմեդական դամբարան: Օրվա վերջին կրկին վերադարձանք Փանիկ և միմյանց հրաժեշտ տվեցինք, առաջին իսկ առիթով անպայմանորեն կրկին հանդիպելու հաստատակամությամբ:
Բաժանումից հետո անվերջ մտածում էի, թե որքան ավելի ջերմ և արդյունավետ կլիներ մեր հանդիպումը, եթե ոչ իրենք` հայերեն, ապա գոնե ես` թուրքերեն կամ քրդերեն տիրապետեի: Ախր զրուցելու այնքան շատ բան կար, որ պարզապես անհնար էր անվերջ թարգմանի օգնությամբ գլուխ բերել:
Տարիները հաջորդեցին միմյանց և մեր հերթական հանդիպումը տեղի ունեցավ միայն 2013 թ.: Մինչ այդ, իհարկե, յուրաքանչյուր տարվա մեջ միմյանց որպիսությամբ հետաքրքրվում և ողջունում էինք կարճ հեռախոսազրույցներով:
2013-ին ինձ մի նոր և շատ հաճելի անակնկալ էր սպասում, քանի որ հաջի Ազատն այս անգամ մեզ առաջնորդեց արճեշաբնակ մեր մեկ այլ ազգականի` Ֆերիդի տուն, ով մեր տոհմի` Հայրենիքում մնացած ճյուղի տոհմաբանության վերաբերյալ բավականաչափ նոր և լրացնող տեղեկություններ փոխանցեց: Ի դեպ, արդեն այս անգամ մեզ հետ ունեինք և մեր ազգականներին էինք փոխանցում Րաֆֆի Քորթոշյանի հեղինակած «Թուրքերեն-հայերեն բառարան-զրուցարանը», որ հրատարակել էինք մասնավորապես լեզվակորույս մահմեդական հայերին նվիրելու նպատակով: Ֆերիդի հաղորդած տեղեկություններն իրապես շատ արժեքավոր էին: Դրա շնորհիվ արդեն կարելի է ասել բերդաղցիների մեր տոհմածառը գրեթե ամբողջացավ: Վերջինս պատրաստվում եմ զետեղել «Հայաստանի պատմություն» գրքաշարի «Արճեշ» հատորի Բերդաղ գյուղի բաժնում ի վայելումն պատմա-բանասեր հասարակության:
Ի դեպ, Բերդաղից սերող մեր տոհմի մի ճյուղին էլ հետաքրքիր դիպվածով հայտնաբերեցինք Մանազկերտի շրջանի Հաջի-Յուսուֆ գյուղում 2007 թ.:
Նախ նշեմ, որ այդ ճամփորդությունը սկիզբ էր առել 2007 թ. սեպտեմբերի 28-ին, և նրա 14-րդ օրն էր, որ մենք Մանազկերտի մոտերքում գտնվող Արադերե (նախկինում` Փրեմասիան) գյուղում ծանոթացանք մահմեդականություն ընդունած մի եզդու հետ, որն էլ մեզ տեղեկացրեց այն մասին, որ մոտերքում գտնվող Հաջի-Յուսուֆ գյուղում հայեր կային: Մեր ուղեկցի հետ հասանք նշյալ գյուղն ու հայտնվեցինք բազմանդամ հայ ընտանիքի հյուրընկալ հարկի ներքո: Պարզվեց, որ փարթամ ու ալեխառն մորուսով տան ավագ` Ալի Քաչրանը թոշակի անցած գյուղի նախկին իմամն էր: Այստեղ մեզ վկայեցին, որ իրենք սերում էին 1919 թ. սպանված բերդաղցի Գևորգից (Կևո), որի թոռը` Օմարի որդի` Ալի Քաչրանն ու նրա որդիներն ապրում էին այս գյուղում: Բերդաղցիների այս ճյուղի ներկայացուցիչները վկայեցին, որ իրենք Փանիկում ապրող բերդաղցիների ազգականներն էին, այսինքն` նույն տոհմից, սակայն ինձ չհաջողվեց ճշգրտիվ հասկանալ, թե իրենք մեր տոհմի որ ճյուղն էին ներկայացնում: Ալի Քաչրանի որդիների հետ զրույցում շեշտվեց, որ իրենք իմանում էին, որ իրենց պապ Օմարն (Գևորգի որդին) ուներ նաև հայկական անուն, սակայն նա մինչ ի մահ որդիներին ու թոռներին այդպես էլ չի ասել, թե իր հայկական անունն ի՞նչ էր:
Հարկ է հիշատակեմ նաև այն միջադեպի մասին, որ տեղի ունեցավ այն պահին, երբ մենք խորասուզված ուսումնասիրում էինք 1920-ականներից մնացած կալվածագիրը (թափուն), որտեղ, որպես սեփականատեր հիշված էր Կևոյի որդի Օմարը: Ահա այդ պահին մեկ էլ ակնհայտորեն շփոթված դեմքով սենյակ մտավ մի երիտասարդ և մեր զրուցակցի (Ալի Քաչրանի որդու) ականջին մի բան փսփսաց: Վերջինս դիմելով մեզ ասաց հետևյալը. –բարեկամներ պարզվում է արդեն 14 օր է, ողջ Թուրքիայում ժանդարմերիան ձեզ է փնտրում, եթե մեզ ասեք, թե ինչ է պատահել, գուցե մենք էլ հասկանանք, թե ձեզ ինչով կարող ենք օգնել: Առաջին պահին անակնկալի եկանք, որ մեզ հետ կապված նման խնդիր է ծագել, բայց և շուտով գլխի ընկանք, թե ինչ է պատահել: Բանն այն է, որ սահմանը հատելուց ի վեր մենք որևէ հյուրանոցում չէինք գիշերել, այլ միայն վրաններում, իսկ հենց հյուրանոցների հաղորդած տվյալների շնորհիվ են պարզում, թե օտարերկրացիները որ օրը` որտեղ են հասել: Սրանով փաստորեն արդեն 14 օր էր, որ պատկան մարմինները մեր հետքը կորցրել էին, բայց թե որտեղից որտեղ խնդիրը հասել էր Հաջի-Յուսուֆ գյուղ, այ դա արդեն զարմանալի էր: Ինչևէ, հաջի-յուսուֆաբնակ բերդաղցիներիս էլ այսպես հայտնաբերելով, ճանաչելով ու ողջագուրվելով հրաժեշտ տվեցինք:
Այն էլ ասեմ, որ 2013-ին հաջի Ազատին պատմեցի, որ Հաջի-Յուսուֆում էլ մեր տոհմից մարդիկ ունենք: Պարզվեց, որ ինքը լավ գիտեր այդ մասին և ընտանիքներով կապի մեջ էին: Սրանով հանդերձ ոգևորություն ապրեց, երբ իմացավ, որ ես էլ արդեն ճանաչում եմ իրենց:
Արդեն տարիներ է, որ փափագում եմ հայրենի Արճեշում ապրող բերդաղցի ազգականներիս Հայաստանի Հանրապետություն հրավիրել (չեմ ասում Հայաստան, քանի որ այդ կոպիտ սխալիս համար մի անգամ միանգամայն տեղին դիտողություն եմ ստացել. հարցիս, թե չե՞ք ուզում Հայաստան այցելել, ստացել եմ այս պատասխանը. –ինչու մենք որտե՞ղ ենք ապրում): Դեռևս ամեն անգամ ինչ-որ արգելառիթ պատճառներ են հայտնվում, բայց միևնույնն է, վստահ եմ, որ մի օր կարժանանամ բերդաղցի արյունակիցներիս այստեղ` երևանյան տանս հյուրընկալելու վայելքն ապրելուն:
Արյունակցիս` փանիկաբնակ բերդաղցի հաջի Ազատի և ավագ որդուս` Տիրանի հետ (2005 թ.)
Արյունակցիս` փանիկաբնակ բերդաղցի հաջի Ազատի որդու` Հիքմեթի հետ (2005 թ.)
Արյունակցիս` փանիկաբնակ բերդաղցի հաջի Ազատի տան առջև (2013 թ.)
Արյունակիցներիս` փանիկաբնակ բերդաղցի հաջի Ազատի, արճեշաբնակ Ֆերիդի և եղբորս` Վահագնի հետ (2013 թ.)
Հաջի-Յուսուֆաբնակ բերդաղցիների հետ (2007 թ.)
Արյունակցիս` թոշակի անցած գյուղի իմամ Ալի Քաչրանի հետ Հաջի-Յուսուֆ գյուղում (2007 թ.)
Արյունակցիս` թոշակի անցած գյուղի իմամ Ալի Քաչրանի հետ Հաջի-Յուսուֆ գյուղում (2007 թ.)