Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ աշխարհաքաղաքականության դոկտոր, Թուրքիայի մասնագետ՝ Էթիեն Քոփոյի հոդվածը, որը ամբողջությամբ կարող եք կարդալ repairfuture.net-ում:
Պատմության հեղաշրջում
Նեոլիթյան գաղթերն ապացուցելու համար քեմալականները դիմելու են ցեղային հայեցակարգին, որն այդ շրջանի կարևորագույն հարացույցներից (պարադիգմաներից) մեկն է: Եվրոպայում շատ մոդայիկ ռասայական մարդաբանությունը (իր հայտնի բոլոր հետևանքներով) հրապուրում է թուրք մտավորականներին: Թուրքական միությունը (Türk Derneği, 1908թ) և ապա Թուրքական օջախները (1912թ) տարածելու են «թյուրքիստական» գաղափարները: Վերջինիս նպատակը հետևյալն է՝ «իսլամական ժողովուրդների առաջնորդ հանդիսացող թուրքերն իրենց ազգային դաստիարակությամբ և գիտական, սոցիալական, տնտեսական վիճակի առաջընթացով և վերելքով ձգտում են հասնել թուրքական ցեղի և թուրքերեն լեզվի կատարելության»:. Այս ամենը կարելի է կարդալ ֆրանսերենով, Ռեշիթ Սաֆֆեթի [Աթաբինեն] (Les Türk-Odjaghis/Թուրքական օջախներ) փոքրիկ բրոշյուրում: Դրանք խիստ հիշեցնում են Cahun-ին և սևեռված են թուրքերի էթնիկ գիտակցության վրա. արմատների հպարտություն, ցեղի հպարտություն, լեզվի կատարելություն, որը փրկում է ինքնության կորստից: Շարժման տեսաբանը՝ Զիյա Գյոքալփը, մահանում է 1924թ, բայց Թուրքական օջախների անդամները ապահովելու են այդ գաղափարների շարունակականությունը՝ պատերազմից ու կայսրության փլուզումից էլ հետո, ընդհուպ մինչև քեմալական շրջան: 1930-ին բոլորն էլ երեսունից վաթսուն տարեկան են, և նրանց գալիս են փոխարինելու քեմալական երիտասարդների սերունդը, ծնված մոտավորապես 1900թ: Այս ամենում հսկայական դեր է ունենալու երիտասարդ պատմաբան Աֆեթ Ինանը (1908-1985)՝ Աթաթուրքի որդեգրած դուստրը, որը էմանսիպացված մտավորական կնոջ նախատիպն է, ու նոր Թուրքիայի իսկական մարմնավորումը:
1930-ին Աֆեթ Ինանը, ում կարելի է համարել Աթաթուրքի պատմության գծով խոսնակը, ստանձնում է Թուրքական օջախների Պատմական ուսումնասիրման հանձնախմբի ստեղծման պարտականությունը: Վերջինս գտնվում է Հանրապետության նախագահության խիստ հսկողության տակ և ընդգրկում ողջ քեմալական մտավորականությունը, այդ թվում «ռուս» Յուսուֆ Աքչուրան – ով հետագայում նախագահելու է 1932թ պատմագիտական համագումարը – և Սադրի Մաքսուդին [Արսալ]: Այս հանձնախումբը ռեկորդային ժամանակում հրատարակում է «Թուրքիայի պատմության հիմնական ուղիները» վերտառությամբ 600 էջանոց արտասովոր մի աշխատություն, որտեղ ներկայացված են պատմության թեզերը:
Բայց այս գաղափարներն արդեն ընդունելի են քեմալական մտավորականության համար. գլխավոր խնդիրն այժմ այն տարածելն է բնակչության ամենալայն խավերում` ինչը պետք է արվի կրթության միջոցով: Հիմնական ուղիների մի հատվածը հրատարակվում է բարակ գրքույկի տեսքով՝ ուսուցիչների համար: Գրքույկի ընթերցողները պիտի որ ցնցված լինեն, որովհետև առաջին անգամ է, որ թուրքերի անցյալում իսլամի մասին ոչ մի խոսք չկա… Գրքում կա նաև 1873-ին Léon Cahun-ի կարդացած դասախոսության թարգմանությունը, որտեղ խոսվում է Եվրոպայում թուրանական լեզուների մյուսներին նախորդելու մասին:
1931թ ապրիլին մի նոր քայլ է կատարվում պատմության վերահսկողության ուղղությամբ. քեմալիզմից անկախ և նրանից առաջ ծնված Թուրքական օջախները դադարեցվում են և փոխարինվում Թուրքական պատմագիտական ուսումնասիրության ընկերությամբ (Türk Tarih Tetkik Cemiyeti), որը քեմալական նախաձեռնություն լինելով, ավելի հեշտ կառավարելի է: Դրա առաջին գործը եղավ ավագ դպրոցների համար նախատեսված չորս ծավալուն դասագրքերի հապճեպ հրատարակումը, որոնց առանձին հատվածներ նույն տարվա հուլիսին Աթաթուրքը անձամբ խմբագրեց: Հավաքածուն շահագործման հանձնվեց 1931թ աշնանը:
Այնպես որ՝ այս հատորները լույս են տեսնում Թուրքական պատմագիտական համագումարից գրեթե մեկ տարի առաջ (1932թ հուլիսին): Մասնակիցները փաստի առջև են կանգնած. «պատմության հեղաշրջումը» ավարտված է:
Համաշխարհային պատմությունը՝ թուրքերի հայացքով 1931-1934 թթ
Երկար ժամանակ օգտագործված քեմալական այս դասագրքերը այդ գաղափարներն են փոխանցելու այն սերնդին, որն ունենալով տասնհինգ-քսան տարեկան 1931 և 1945 թվականների միջև, կազմելու է 60-80-ական թվականների թուրք մտավորականությունը: Եթե ընդունենք, որ դպրոցական և բուհական կրթությունը կարևոր դեր ունի անհատի զարգացման մեջ, ապա մենք այստեղ ունենք ներկայիս Թուրքիայի գերիշխող քաղաքական և պատմական մշակույթի բանալիներից մեկը:
Սա լուրջ շեղում է: Այս դասագրքերի՝ նախապատմությանը և հնագույն պատմությանը վերաբերող գլուխները գրեթե նույնական են Հիմնական ուղիների հետ և կարևոր տեղ են զբաղեցնում. այնտեղ թուրքերի դերը իսլամի պատմության մեջ մեծացված է, իսկ դիսկուրսը՝ էապես աշխարհիկացված: Այնտեղ ամեն ինչ արված է փառաբանելու համար հին թուրքական մշակույթը, և, ավելի նրբորեն, ներկայացնելու համար քեմալիզմը որպես բուն թուրքական մշակույթի բնական ժառանգորդ: Նրանց դիսկուրսը վերը քննարկված բոլոր ազդեցությունների արդյունք է: Հատուկ շեշտ է դրված թուրքական անհատականության վրա, ինչպես ժամանակին արել են Cahun-ը, Գյոքալփը, Աթաբինենը:
Մարդաբանություն, լեզվաբանություն և քեմալիզմ
1931թ դպրոցական դասագրքերում և ապա 1932թ պատմագիտական համագումարում հստակեցված այս պատմության թեզերըդեռ պետք է ամրագրվեին «գիտական ուսումնասիրություններով». 1932-ի համագումարում բազմաթիվ բանախոսներ իրենց ելույթներում սեվեռվել էին թուրքական ցեղի հայեցակարգի վրա, և ձգտում էին նրան տալ մարդաբանական «գիտական» սահմանում: Նրանք վկայակոչում էին եվրոպացի տեսաբանների, ինչպիսիք են Gobineau-ն, Deniker-ը և նրա «Essai d’une classification des races humaines» (1889) աշխատությունը («Մարդկային ռասաների դասակարգում»): Աֆեթ Ինանը հետաքրքրվում էր Georges Montandon-ի երկասիրություններով, ով ավելի ուշ տարվեց հակասեմիտիզմով: Բայց այդ շրջանում թուրքական «ռասայի» հիմնական մասնագետ էր համարվում ժնևցի Eugène Pittard-ը: Նա ուսումնասիրել է Բալկաններն ու Անատոլիան, և մեծ հեղինակություն է ձեռք է բերել «L’Evolution de l’Humanité» («Մարդկության էվոլյուցիան») մատենաշարում հրատարակած «Les Races et l’Histoire» («Ռասաները և պատմությունը») հատորով: Ժնևի համալսարանի դասախոս, այնուհետև ռեկտոր Pittard-ը քարոզչություն էր տանում, որպեսզի ռասայական մարդաբանությունը դուրս գար գիտական գետտոյից և ուսուցվեր ինչպես և մյուս առարկաները: Նրա փաստարկները բավական մտահոգիչ են. նա ցանկանում էր, որ մարդաբանությունը ծառայի մարդկային ցեղի բարելավմանը: Թեև նա ռասիզմի տեսաբան չէր, բայց նրա գրվածքներում կարելի է գտնել առանձին հատվածներ, որտեղ ռասիստական տեսություններ են մեջբերված:
Eugène Pittard-ը և պատմության թեզերի կողմնակիցները պետք է անպայման իրար հանդիպեին: Առաջին շփումները, ըստ երևույթին, 1935-ին են տեղի ունենում: Pittard-ը շատ արագ մտքի հանճար է դառնում՝ 1937-ին նա արդեն թուրքական պատմագիտական երկրորդ համագումարի պատվավոր նախագահն է, իսկ Աֆեթը նրա ղեկավարությամբ 1939թ Ժնևում դոկտորական ատենախոսություն է պաշտպանում «Անատոլիան՝ թուրքական «ռասայի» երկիրը» (L’Anatolie, pays de la « race » turque)թեմայով:
1928 թվականից Pittard-ը Թուրքական մարդաբանության հանդեսում (Revue Turque d’Anthropologie)հետազոտողներին խրախուսում էր ապացուցել էտրուսկների թուրքական ծագումը (և նույն մեթոդով՝ շումերների, խեթերի…): 1932թ պատմագիտական համագումարից թևավորված Աֆեթ Ինանը, իր հոգևոր հոր և թուրքական պետության լուրջ աջակցությամբ, 1937-1939թթ հսկայածավալ մի ուսումնասիրություն է իրականացնում 64 հազար մարդկանց անթրոպոմետրիկ (գանգերի) չափումների ենթարկելով՝ հիմնվելով Pittard-ի կողմից մշակված աշխատանքային մեթոդների վրա: Աֆեթ Ինանի փորձարկումները ակնհայտորեն գիտական արդյունքներ չեն տալիս, բայց ուրիշներ ևս սեփականում են ռասայական այս դիսկուրսը, որը բավականին տարածված էր այդ ժամանակաշրջանում:
1873թ Cahun-ն արդեն կարծում էր, որ լեզվաբանության միջոցով հնարավոր է ապացուցել նախապատմական շրջանի թուրքական արշավանքները: 1935-ին, արևային լեզվի տեսությունը, ըստ որի աշխարհի բոլոր լեզուների մայր լեզուն թուրքերենն է, ավարտին է հասցնում պատմության թեզերի կառուցումը: Այս տեսությունը ուշացումով տեղ է գտնում Եվրոպայում 19-րդ դարի կեսերին լեզվի ծագման շուրջ ծավալված բուռն բանավեճերի շարքում: Պաշտոնական թուրքագիտությունը օժտվում է ևս մեկ գործիքով, որի մեթոդներն ու բացահայտումներն էլ ավելի վիճելի են, քան պատմության թեզերը: Արևային լեզվի տեսությունը ծնունդ տվեց բազմաթիվ գրքերի, հոդվածների, սեմինարների, և մոբիլիզացրեց թուրք լեզվաբաններին, իսկ Աթաթուրքի մահից հետո (1938) այն պաշտոնապես մոռացության մատնվեց:
Ամբողջությամբ՝ repairfuture.net