Նա շատ փոքր հասակից յուրահատուկ սեր ուներ երաժշտության նկատմամբ: Նրա հայազգի մայրը դեմ էր, որ աղջիկը երգչուհի դառնա, բայց 11 տարեկանում ապագա աստղը մասնակցեց առաջին մրցույթին ու հաղթեց, 15 տարեկանում էլ թողեց ուսումն ու սկսեց երգել ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում։ Նրա առաջին սկավառակը հաջողություն չունեցավ, բայց երգչուհին այդ փաստից չվհատվեց.առաջին ձախողմանը քանի՜-քանի՜ հաղթանակներ հաջորդեցին: Համաշխարհային մամուլը փաստում է, որ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդայի դերի լավագույն կատարողը հենց Հելեն Սեգարան է. ֆրանսիացի երգչուհին ու երգահանը «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմում է Հայաստանի, իր հայկական արմատների, Շառլ Ազնավուրի ու Միշել Լեգրանի հետ համագործակցության, «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի և այլ հետաքրքիր թեմաների մասին:
Հայաստան այցն ինձ զգացմունքային է դարձնում
Ամեն անգամ, երբ այստեղ եմ գալիս, նույն զգացողություններն եմ ունենում: Երբ ամենաառաջին անգամ եկա, այնպիսի զգացողություն ունեի, կարծես նախկինում այստեղ եղել էի: Իմ ընտանիքի արյունն էր կարծես արթնացել: Իմ մայրիկի պապիկը ծնվել էր Մուշում: Նա գեներալ Անդրանիկի հրամանատարությամբ է կռվել, կռվել է իր հայրենիքի համար: Եվ դա ինձ զգացմունքային է դարձնում ամեն անգամ, երբ այստեղ եմ գալիս:
Մայրս դեմ էր, որ երգեմ
Նա վախենում էր, որ շոու բիզնեսը վտանգավոր կլինի երիտասարդ կնոջ համար: Բայց ես նրան ասացի, որ երգելն իմ կիրքն է, ես պետք է գնամ իմ կրքի հետևից: Մայրիկս Շառլ Ազնավուրի դստեր հետ է դպրոց գնացել: Տարիներ հետո էլ հանդիպել է Շառլ Ազնավուրին: Նրա հետ հանդիպումից հետո մայրս ինձ ասաց, որ շատ հպարտ է իմ կարիերայով:
Շառլ Ազնավուրն ու Հելեն Սեգարայի արցունքները
Առաջին անգամ հանդիպեցինք, երբ դեռ նոր-նոր էի քայլեր անում ոլորտում, ես շատ ամաչկոտ էի: Շառլին ժամանակ է պետք մարդկանց բացահայտելու համար: Առաջին անգամ այդքան էլ շատ չխոսեցինք:
Տարիներ անց միասին Հայաստան եկանք պաշտոնական պատվիրակության կազմում: Շառլի հետ ընթրիքի էինք: Ընթրիքի ընթացքում մի երգիչ «Դլե յամանը» երգեց: Երբ լսեցի այս ստեղծագործությունը, սկսեցի արտասվել: Շառլն ասաց. «Գիտեմ, այս երգը ինձ նույնպես ստիպում է արտասվել»: Ահա, թե ինչու այս երգը ներառեցի իմ ալբոմներից մեկում. ուզում էի, որ ֆրանսիացիները բացահայտեն այս երգը: Եվ մայրիկիս սիրելի երգերից է…
Երբ Ազնավուրի հետ առաջին անգամ Հայաստան եկա, ես մի երգ գրեցի իմ ընտանիքի պատմության, Ցեղասպանության մասին, կոչվում էր Dans nos souvenirs: Ես այս երգը գրել էի իմ աղջկա համար: Ասել է, թե այն հետևյալ ուղերձն ունի. «Միևնույն է, եթե չես եղել Հայաստանում, մի օր ինձ հետ այստեղ կգաս, և կհասկանաս, թե ինչպես ենք մենք պայքարել, ապրել: Ահա թե ինչու ես դու այսօր այստեղ»: Եվ երբ Երևանում այս երգը կատարեցի, լաց եղա: Դժվար է երգել, երբ այսքա՜ն զգացմունքներ ունես:
Շառլ Ազնավուրն ինձ ասել է, որ ինքը Հայաստանն ուշ է բացահայտել: Ինչքան շատ ես այստեղ մնում, ավելին ես գիտակցում քո ընտանիքի, արմատների մասին:
Ամբողջությամբ՝ armenpress.am