Թույլ տեսողությունը և ակնոց կրելու անհրաժեշտությունը կարող են կապված լինել ինտելեկտի ավելի բարձր մակարդակի հետ: Այս եզրակացությանն են եկել Էդինբուրգի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են ավելի քան 300 հազար մարդկանց գենետիկական տվյալները: Ուսումնասիրության արդյունքները նրանք հրապարակել են Nature Communications հանդեսում:
Ընդամենը գիտնականները հայտնաբերել են 148 գենետիկական լոկուս (գենի տեղադրությունը գենետիկական քարտեզի վրա)` կապված ճանաչողական ընդունակությունների հետ, և գնահատել են, թե ինչպես են տարբեր գործոններն ազդում ինտելեկտի վրա: Նրանք հայտնաբերել են հետևյալ օրինաչափությունը. փորձարկվող ամենախելացի անձանց մոտ բարձր է եղել այն գենի առկայության հավանականությունը, որը պայմանավորում Է ակնոց կրելու անհրաժեշտությունը: Գիտնականները նաև փոխադարձ կապեր են հայտնաբերել ինտելեկտի բարձր մակարդակի և կյանքի երկար տևողության, թոքերի քաղցկեղով հիվանդանալու փոքր ռիսկի, ավելի ամուր հոգեբանության և ավելի առողջ անոթների միջև:
«Այդ հետազոտությունը բացահայտեց բազմաթիվ գենետիկական տարբերություններ, որոնք կապված են մտավոր ունակությունների ժառանգման հետ»,-նշել է դոկտոր Հեյլ Դևիսը, որը գլխավորում է գիտնականների խումբը: Ավելի վաղ կատարված մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք ակնոց են կրում, մյուսների կողմից ընկալվում են որպես ավելի խելացի, հուսալի, աշխատասեր ու ազնիվ: