Հունիսի 1-ը ոչ թե տոնական, այլ սովորական աշխատանքային օր է «Ազիզյանները» սիթքոմից հեռուստադիտողներին հայտնի Լևոնի՝ Ստեփան Հովհաննիսյանի համար։ Նա այս տարի առաջին անգամ հունիսի 1-ն անցկացրել է աշխատանքի մեջ՝ խաղալով ներկայացում փոքրիկների համար: Ստեփանը չի սիրում, երբ իրեն շնորհավորում են այս օրվա առթիվ, թե ինչու, Tert.am Life-ը պարզել է՝ զրուցելով պատանի դերասանի հետ:
13-ամյա Ստեփանը կարծում է, թեև ինքը ֆիզիկապես փոքր է, հոգեպես ու մտածելակերպով հասուն է, այդ է պատճառը, որ այսօր իրեն հասցեագրված շնորհավորանքներից նյարդայնանում է: Ասում է` իր ընկերական շրջապատում էլ իրեն հասակակից քչերը կան. «Ընդամենը մի ընկեր ունեմ, ում հետ մանկությունից մինչև օրս շփվում եմ, բայց, հիմնականում, իմ բոլոր ընկերներն ինձնից տարիքով մեծ են»:
Հունիսի 1-ը, Ստեփանի խոսքով, իր համար նույնիսկ մանուկ հասակում առանձնապես սիրելի տոն չի եղել, իր ամենասիրելի տոնը Նոր Տարին է:
Այս տարին պատանի դերասանի համար հաջողակ է եղել: «Ազիզյանները» սիթքոմում քասթինգով հայտնվելուց հետո, խաղընկերոջ՝ Իշխան Ղարիբյանի առաջարկով, Ստեփանը ներգրավվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի «Մանչուկն ու Կառլսոնը» ներկայացման մեջ. «Սկզբնական փուլում ինձ համար ավելի դժվար էր թատրոնում խաղալը, քան հիմա,- ասաց նա ու ավելացրեց, որ փոքրիկ հանդիսատեսի մասնակցությամբ հաճախ են զավեշտալի դեպքեր տեղի ունենում։ –Իմ խաղի ժամանակ հիմնականում դահլիճից գոռում են Լևո՛ն, Լևո՛ն, խաղընկերներիցս մեկը՝ Կառլսոնի դերակատար Կոնստանտինը, ասում է՝ կարծես 88-ի շարժումը լինի»:
Ամբողջությամբ՝ life.tert.am