Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան, կարելի է թերևս որոշ հետևություններ և ընդհանրացումներ անել, որը վերաբերում է Հայաստանի արտաքին հարաբերություններում ոչ միայն այսօրվա իրավիճակին, այլև որոշակի կերպով գուցեև արտացոլում է մեր երկրի անցյալ դարի պատմությունը և ուղենշում ապագա զարգացումները:
Այս այցի ժամանակ Փաշինյանը, կամա թե ակամա, ներկայացրեց մի իրատեսական քաղաքական մոդել, որը, կարծում եմ, պետք է վերջապես դառնա մեր երկրի, որպես անկախ պետության, արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից, և այստեղ կարևոր չէ, թե ով կլինի հետագայում Հայաստանի փաստացի ղեկավարը:
Վրաստանում Փաշինյանն ուղիղ ասաց, որ երկու երկրների միջպետական հարաբերություններում ոչ մի դեպքում չի կարող արգելանք լինել այն փաստը, թե ինչպես է այդ երկու երկրներից որևէ մեկը հարաբերվում մեկ այլ երրորդ երկրի հետ: Այստեղ, իհարկե, խոսքը միանշանակ գնում էր Հայաստան-Ռուսաստան և Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին: Ամեն ինչ պարզ է և իրատեսական, բայց ինչքան նոր ասպարեզներ կբացվեն այդ ամենն իրականություն դարձնելու դեպքում:
Փաշինյանի կողմից հստակ ձևակերպվեց նաև ջավախահայերի կարգավիճակը՝ նրանք եղել են, կան և պետք է մնան Վրաստանի օրինավոր քաղաքացիներ, որոնց ապահովության, ազատության պատասխանատուն են դառնում միաժամանակ և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը: Այսինքն, դրանով երկու երկրների հարաբերություններում բացառվեց երրորդ ուժի հնարավոր միջամտության գործոնը, որը նույնպես շատ կարևոր էր:
Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի արտերկիր կատարած առաջին պաշտոնական այցը բավականին հաջողված ստացվեց, իսկ մենք կրկին անգամ համոզվեցինք, թե ինչ է նշանակում ունենալ անկախ պետականություն, քանի որ ցանկացած պարագայում՝ այն ազգապահպանման ամենահզոր գործիքն է հանդիսանում: