1915 թվականին Թուրքիայի կառավարությունն աքսորեց երիտասարդ մարզիկ Գրիգոր Ջոլոլյանին: Նրա եղբոր՝ մտավորական Հակոբ Սիրունու ձերբակալման հրամանը նույնպես կար, սակայն Սիրունին հասցրել էր փախչել Ռումինիա։ Իսկ նրանց երրորդ եղբորը թուրքերը սպանեցին։ Հայտնվելով Փարիզում Գրիգոր Ջոլոլյանը սկսեց լուսանկարչությամբ զբաղվել, Ռասպայ բուլվարում ֆոտոխանութ եւ ստուդիա բացեց։ 20-30-ականների արվեստով շնչող եւ արվեստով բոցկլտացող Փարիզում «Արաքս» ֆոտոստուդիան իր հաճախորդներն ու դերն ուներ. պատկերում էր փարիզյան կյանքը եւ ճակատագրեր էր հավերժացնում։
Բացի այդ, «Արաքս» ֆոտոստուդիան նաեւ Ֆրանսիայում տարբեր ճանապարհներով հայտնված հայերի հավաքատեղին էր։ Գրիգոր Ջոլոլյանն աշխատում էր հայ համայնքի յուրաքանչյուր նորություն, իրադարձություն լուսանկարել եւ պահպանել ապագայի համար։ Նրա լուսանկարչական խցիկի շնորհիվ մեզ են հասել Կոմիտասի եւ Անդրանիկի հուղարկավորության եզակի կադրերը։ «Մինչեւ իր կյանքի վերջը նա հայկական գաղութի կյանքն էր պատկերում,- պատմում է Գրիգոր Ջոլոլյանի որդին՝ մասնագիտությամբ դեղագործ Պատրիս Ջոլոլյանը: -Ծնողքիս եւ այլ անվանի հայերի նպատակն իրենց հայությունը, ազգային ոգին, մշակույթը պահպանելն էր։ Մեր տանը շատ հայտնի հայեր էին հավաքվում։ Կան 30-ական թվականներին արված Ֆրանց Վերֆելի, փարիզյան «Հառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսաքյանի, այլ անվանի հայերի, մտավորականների դիմանկարները։ Այդ լուսանկարները ցույց են տալիս, որ հայկական գաղութն արթուն էր, կենսունակ։ Հայրս շատ մտերիմ էր Շառլ Ազնավուրի ծնողքի հետ, ֆոտո է ըրել Շառլին չորս տարեկան հասակում՝ իր քրոջ հետ»։
Փոխվում է Ֆրանսիան, փոխվում են լուսանկարները, նոր թեմաներ են առաջ գալիս։ Գրիգոր Ջոլոլյանն արձագանքում է աշխարհի իրադարձություններին, լուսանկարում է 40-ականների պատերազմող Ֆրանսիան, Փարիզում տեղի ունեցող պայթյունները, զինվորներին, քաղաքի ավերածությունները։ Իսկ 1944 թվականին, Փարիզի ազատագրման օրերին, նա Շառլ դը Գոլի եւ Ուինսթոն Չերչիլի լուսանկարների մի շարք է անում։ Ֆրանսիայի եւ ֆրանսահայության գրեթե կեսդարյա պատմությունն է հավաքվում «Արաքս» ստուդիայում։ Եվ այդ պատմությունը դեռ սպասում է իր ուսումնասիրողներին։ Բոլոր նյութերը եւ նեգատիվներն այժմ պարոն Պատրիսի տանն են պահվում եւ ժամանակ առ ժամանակ ցուցահանդեսների նյութ են դառնում։ 1995 թվականին Փարիզում ֆրանսիական բոլոր ազգերի գաղութներին նվիրված մեծ ցուցահանդես էր բացվել, որտեղ հայերը ներկայացված էին Գրիգոր Ջոլոլյանի լուսանկարներով։ Հայ լուսանկարչի պատմություն դարձած պատկերները ֆրանսիացիները կտեսնեն նաեւ գալիք տարի՝ Ֆրանիայում Հայաստանի տարվան նվիրված միջոցառումների շրջանակներում։ Անշուշտ, Գրիգոր Ջոլոլյանի որդին ուզում է, որ Հայաստանում էլ մարդիկ իմանան «Արաքս» ֆոտոստուդիայի մասին, եւ ընդհանրապես, «տեղյակ լինեն սփյուռքի մշակույթի մասին»։
Սպորտսմեն-լուսանկարիչը
Գրիգոր Ջոլոլյանը Ստամբուլում, սկաուտների դպրոցում մոտ հազար աշակերտ ուներ։ Փարիզում էլ Գրիգոր Ջոլոլյանը մրցումներ էր կազմակերպում, չեմպիոնատներ, հայ երիտասարդների հետ անպայման շաբաթը մեկ անգամ մարզվում էր։ Ակտիվ զբաղվում էր կուլտուրիզմով։ 20-ական թվականների լուսանկարներ կան, որտեղ պատկերված են վազքի, ցատկի մրցումները։ Ֆրանսիայի կառավարության կողմից նա արժանացավ ոսկե մեդալի, Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը բարձր գնահատեց հայ մարզիկի ներդրումը սպորտի զարգացման ոլորտում։ Գրիգոր Ջոլոլյանն առաջին լուսանկարիչներից է, որ սկսեց կուլտուրիստների մարզված եւ գեղեցիկ մարմինները պատկերել։ Նրա ստուդիայում լուսանկարվել են երիտասարդ, դեռեւս եվրոպացի Առնոլդ Շվարցենեգերը, Սուպերմենի դերակատար Ստիվեն Ռիվսը, նույնիսկ շոտլանդացի դերասան Շոն Քոնըրին՝ ապագա Ջեյմս Բոնդը, ով երիտասարդ տարիներին նույնպես կուլտուրիզմով է զբաղվել։ «Կարծես կուլտուրիզմը հայրիկիս սպեցիալիզացիան լիներ: Երբեմն ինտերնետից իմանում եմ, որ հայրիկիս արած ֆոտոները վաճառվում են, մանավանդ՝ վաղ շրջանի կուլտուրիստների ֆոտոները, որոնք արդեն անտիկ արժեք են ներկայացնում»,- ասում է Պատրիս Ջոլոլյանը։ 30-40-ական թվականներին արված լուսանկարների գինը 1000 եվրոյի է հասնում, սակայն պարոն Պատրիսն այդքան էլ չի հետաքրքրվում վաճառքով՝ նման ցանկություն եւ ժամանակ չունի։ Բայց հպարտ է, որ ֆոտոների հետ միշտ նշվում է իր հոր անունը։
«Արաքս» ստուդիան գործել է 50 տարուց ավելի։ Գրիգոր Ջոլոլյանի մահից հետո՝ 1975 թվականին, ֆոտոստուդիան փակվել է։ «Մայրս փորձեց աշխատացնել ստուդիան, բայց արդեն իր մահից հետո ստուդիան վերջնականապես դադարեցրեց իր գոյությունը։ Մենք երեք եղբայր ենք, եւ մեզանից ոչ մեկը ֆոտոյով չզբաղվեց»,- ասում է Պատրիս Ջոլոլյանը։ Լինելով 20-ական թվականներին ստեղծված հայկական գաղութի առաջին ներկայացուցիչներից, Գրիգոր Ջոլոլյանն այդպես էլ չկարողացավ ուսումն ավարտել. աշխատեց եւ ամեն ինչ արեց, որպեսզի իր զավակները զրկանք չտեսնեն եւ նոր հողում լավ մասնագետներ դառնան ու Ֆրանսիայում իրենց պաշտպանված զգան։
Պարերի սիրահար դեղագործը
Պատրիս Ջոլոլյանն այլ նախասիրություններ ունի. սպորտն ու լուսանկարչությունը, ինչպես ինքն է ասում՝ «իրեն փափագը չեն», նա գերադասում է պարը եւ երաժշտությունը։ Պատրիս Ջոլոլյանն իր տիկնոջ հետ պարել է ֆրանսիական «Նավասարդ» պարախմբի հետ։ 70 հոգանոց «Նավասարդը» հաճախ է ելույթներ ունենում Հայաստանի Պարի պետական խմբի հետ, միասին պարել են Նյու Յորքի «Կարնեգի հոլլ» դահլիճում, հյուրախաղերով հանդես են եկել Երեւանում։ «Ես հիմա տարիքով մեծ եմ, չեմ պարում, բայց դհոլ կնվագեմ»,- ասում է նա։ Մասնագիտությամբ դեղագործ պարոն Պատրիսը գիտի մեր երկրի դեղամիջոցներից շատերի կեղծ լինելու մասին եւ համոզված է, որ կեղծ դեղերը կվերանան շուկայից միայն պետական խիստ հսկողության դեպքում։ «Կեղծ դեղերը շատ վտանգավոր են։ Այն, ինչը չի բուժում, վնաս է տալիս,- ասում է նա եւ ավելացնում։ -Ճիշտ պատկեր մը ունենալու համար պիտի տեղյակ լինենք իրարից»։ Իր կարծիքով՝ այսօր ֆրանսահայերի նոր սերունդը շատ է ուզում իմանալ՝ ինչպիսին է Հայաստանը։ «Սովետական ժամանակ սփյուռքահայերը գրեթե տեղեկություն չունեին Հայաստանի մասին, վերջին 15 տարիներին է ինչ Հայրենիքի հետ վերստին կապ ենք ստեղծում։ Քիչ մը ժամանակ, քիչ մը համբերություն, եւ ամեն բան կշտկվի»,- ասում է Պատրիս Ջոլոլյանը, ով իրեն արդեն համարյա թե հայաստանցի է համարում, քանի որ արդեն 20 անգամ եղել է Հայաստանում։
Նունե Հախվերդյան
«168.am»