Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ներկայացրեց իր գլխավորած կառավարության ուղենիշային առաջնահերթությունները: Իր ելույթում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իր գլխավորած կառավարության համար ուղենիշային են լինելու իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունն ու համերաշխությունը, Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգությունը ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
«Մեր կառավարության համար ուղենիշային են նաև արհեստական տնտեսական մենաշնորհների բացակայությունը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը, տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը, հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը, բռնության հանրային մերժումը, շրջակա միջավայրի պահպանումը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա համոզվածություն հայտնեց, որ հենց վերը նշված թեզերով է պարփակվում այն բովանդակային տարածքը, որն անհրաժեշտ է Հայաստանը զարգացման նոր աստիճանի բերելու համար:
«Համոզված ենք, որ արդեն շուրջ 20 տարի Հայաստանի զարգացումն արգելափակող ձախողումները տեղի են ունեցել վերը նշված բովանդակային տարածքում և վերը նշված թեզերը մենք համարում ենք Հայաստանի խնդիրները ախտորոշող եզրակացությունը և բուժման դեղատոմս միաժամանակ: Ու չնայած համոզված ենք նաև, որ նշված խնդիրները պատճառահետևանքային կապով կապված են միմյանց հետ, թույլ տվեք պնդել, որ Հայաստանի զարգացումն արգելափակած անկյունաքարային հիմնախնդիրը, որը հարուցիչ ու պատճառ է դարձել մեր երկրի բոլոր համակարգային խնդիրների, ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի շարունակական ու հետևողական ձևախեղումն է: Մենք սա ենք համարում Երրորդ Հանրապետության պատմության չարիքների չարիքը, որի նախապատրաստման գործողությունները, ապա իրագործումից հետո ծագած շղթայական ռեակցիաները բերել են հանրային, քաղաքական, տնտեսական, իրավական, կրթական, սոցիալական և կրթական դեգրադացիայի»,– մանրամասնեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի անկախությունից հետո բոլոր խորհրդարանական և նախագահական ընտրությունները կեղծվել են՝ բացառությամբ 1991թ. նախագահական և 1999թ. խորհրդարանական ընտրությունների: Այլասերման այդ գործընթացն անխուսափելիորեն հանգեցրել է նրան, որ Հայաստանում գործել է պետություն պետությունից դուրս:
«Ձևավորվել է ընտրակեղծարար արտոնյալների մի խավ, ներառյալ նրանց սպասարկող դատաիրավական համակարգը և նրանց հովանավորող պետական իշխանությունը, որը դուրս է եղել օրենքից: Այս պայմաններում նույնիսկ այնպիսի արժեքները, ինչպիսիք են հանրային միասնությունն ու համերաշխությունը, ձևախեղվել են, որովհետև պաշտոնական քարոզչության շուրթերից հնչող միասնականության կոչերը ոչ թե միասնություն ապահովելու նպատակ են ունեցել, այլ ապօրինությունները, թալանը նույնիսկ բռնությունները հանդուրժելու, չնկատելու առաջարկ»,- ասաց վարչապետը:
Նա շեշտեց, որ իր ղեկավարած կառավարությունն առաջնահերթություն է համարում երկրի համար քայքայիչ երևույթներն արմատախիլ անելը, ինչի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են, որովհետև ՀՀ քաղաքացին կարողացել է վերջապես ջախջախել ընտրակաշառքի, վախի, հարկադրանքի, կախվածության շղթաները, և հիմա եկել է ժամանակը այս իրողությունը որպես հանրային պայմանավորվածություն արձանագրելու համար: