ԱՄՆ կառավարությունը համաձայն չէ ՀՀ ԱԱԽ քարտուղարի դիրքորոշման հետ՝ Սիրիայի հարցում. analitik.am
Advertisement 1000 x 90

ԱՄՆ կառավարությունը համաձայն չէ ՀՀ ԱԱԽ քարտուղարի դիրքորոշման հետ՝ Սիրիայի հարցում. analitik.am

ԱՄՆ կառավարությունը համաձայն չէ, որ ՌԴ-ն Սիրիայում լարվածությունը մեղմելու հարցում օգտակար դերակատարում է ունեցել:

Այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են Analitik.am-ին՝ ի պատասխան մեր հարցմանը, որում խնդրել էինք հայտնել ԱՄՆ կառավարության դիրքորոշումը Սիրիայի հարցում  ՀՀ ԱԱԽ քարտուղարի դիրքորոշման վերաբերյալ, ինչպես նաև հարցրել էինք, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ վերոնշյալ դիրքորոշումը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ընթացքի վրա:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատասխանն ամբողջությամբ.

«Որպես ինքնիշխան երկիր՝ Հայաստանն ազատ է իր իսկ քաղաքական դիրքորոշումների ու կարծիքների ձևավորման մեջ: Մենք, թերևս, չհամաձայնենք, որ Ռուսաստանը Սիրիայում լարվածությունը մեղմելու հարցում օգտակար դերակատարում է ունեցել: Մենք մշտապես ասել ենք, որ Սիրիայի ճգնաժամը չունի ռազմական լուծում և եռանդագին աշխատել ենք լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ցավոք, Ասադի ռեժիմը՝ Ռուսաստանի և Իրանի օժանդակությամբ, շարունակում է ձգձգել հակամարտությունը՝ անտեսելով լարվածությունը թուլացնելուն միտված իրենց իսկ համաձայնագրերը և հրաժարվելով Ժնևյան գործընթացից: Մենք շարունակում ենք մեր ուշադրությունը բևեռել Ժնևյան գործընթացին և այդ բանակցություններում բովանդակային առաջընթաց ունենալուն: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում Ասադի ռեժիմին բերել դեպի Ժնևյան բանակցություններ:

Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Ռուսաստանը պարտավորված է օգտագործել իր դիվանագիտական ու ռազմական առավելություններն Ասադի ռեժիմի նկատմամբ՝ վերջ դնելու հարձակումներին և ստիպելու դադարեցնել հետագա ռազմական նախահարձակ գործողությունները: Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն գործողություններին, որոնցով Ասադը պատասխանատվություն կկրեր քիմիական զենքի օգտագործման համար և, թերևս, 11 անգամ այս հակամարտության ընթացքում հնարավոր կլիներ խուսափել անմեղ մարդկային զոհերից: Այս արգելանքներից վեցը վերաբերում են քիմիական զենքի օգտագործմանը, իսկ մյուսները՝ մարդասիրական մուտքի և օգնության ապահովմանը և քաղաքացիական անձանց դեմ հարձակումների դադարեցմանը: Ռուսաստանը պետք է ապահովի իր ինքնակամ հռչակած պարտավորությունների կատարումը ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևի և հարավարևմտյան հրադադարի համաձայն, ինչն արտացոլված է նախագահներ Թրամփի և Պուտինի Դա Նանգի համատեղ հայտարարության մեջ»:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման ժամանակ Հայաստանը ներկայացնող ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ելույթում ասել էր. «Միջազգային լարվածության օջախ է շարունակում մնալ նաև ՄերձավորԱրեւելքը: Մասնավորապես, դա վերաբերվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակին:

Այդ համատեքստում և այդ կապակցությամբ կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել մեր աջակցությունը Ռուսաստանի Դաշնության գործողություններին, որի հետևողական ջանքերի շնորհիվ Սիրիայում ահաբեկիչների դիրքերին անդառնալի վնաս է հասցվել և նրանք, ըստ էության,զրկված են իրենց կողմից վերահսկվող տարածքներից:

Մենք նաև բարձր ենք գնահատում ռուսական և ղազախական կողմերի նախաձեռնությունները և գործողությունները Աստանայի ձեւաչափով սիրիական խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ: Համոզված ենք, որ Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները թույլ տվեցին նվազեցնել զինված հակամարտության լարվածությունը և խթանել քաղաքական կարգավորումը»:

analitik.am



Նման նյութեր