Ռուբեն Վարդանյան. «Երկրորդ շանս չենք ունենալու». mediamax.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուբեն Վարդանյան. «Երկրորդ շանս չենք ունենալու». mediamax.am

Այս տարի մենք երկու ճգնաժամ ունեցանք. գարնանը պատերազմ եղավ, իսկ ամռանը «Սասնա Ծռերը» գրավեց ՊՊԾ գունդը: Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունն ու հասարակությունը լուրջ հետևություններ արե՞լ են: Կամ էլ, գուցե գիտակցում կա, որ պետք է բան փոխել, բայց իրականացնելու կամք ու համարձակություն չկա: 

– Կարծում եմ՝ կատարվածի գիտակցումը առկա է շատերի մոտ, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության: Այլ բան է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները կարող են տարբեր լինել: Գլխավոր հարցն է. որքանո՞վ է մեր հասարակությունը պատրաստ փոփոխությունների: Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմն ու Երևանի հուլիսյան իրադարձությունները մտահոգիչ ազդանշաններ էին ոչ միայն ղեկավարության, այլև ամբողջ հայ հասարակության համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Խորքային փոփոխությունները հնարավոր են հասարակության մեջ ներքին կոնսենսուսի առկայության պարագայում, և միանշանակ չէ, որ այն առկա է:

Մենք Հայաստանի անկախության 25-ամյակին մոտեցանք մի իրավիճակում, երբ այս տարիների ընթացքում ստեղծված երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է:

Եկեք պարզաբանենք. «մոդել» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: 

– ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք ծնվել և մեծացել են խորհրդային համակարգում: Նրանք նախկին այլախոհներ էին, նախկին կոմերիտական կամ կուսակցության գործիչներ, կամ էլ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ: Նրանցից շատերը սիրել են ու սիրում են Հայաստանը, սակայն Խորհրդային Միության ժամանակ ստացած կառավարման փորձից բացի այլ փորձ չունեն, այլ երկրներում սովորելու հնարավորություն ևս չեն ունեցել: Եվ նրանք վերստեղծել են կառավարման այն մոդելը, որն իրենց համար առավել ընկալելի ու հասկանալի է:

big_1477026723_3355598

Նրանք մարտավարական, այլ ոչ թե ռազմավարական մտածողություն ունեն: Նրանցից շատերը կարծում են, որ ծառայողական դիրքը օգտագործելով գումար աշխատելը նորմալ է, որ դա կոռուպցիա չէ: Իսկ նրանք, ովքեր ավելի շատ լեզուներ գիտեն, ավելի լավ են կրթված և դաստիարակված, մնում են գրեթե չպահանջված և չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ հասարակության մեջ գերիշխում է «կիսագողական լավ տղերքի» մոդելը: Նման իրավիճակում ինտելիգենտ և խելացի մարդկանց այլ բան չի մնում, քան իրենց անհամաձայնությունը հայտնել խոսքերով, այլ ոչ թե գործով…

Այս մոդելում հայկական պետության ղեկավարները իրենց չեն ընկալում որպես հայ ազգի առաջնորդներ: Հետևաբար՝ առկա է հստակ տարանջատում Հայաստան պետության և աշխարհասփյուռ հայ ազգի միջև: Էլիտայի մի մասը ողջունում է Սփյուռքի աջակցության ծրագրերը, միաժամանակ ասելով. «Մենք ուրախ ենք ձեզ տեսնել Հայաստանում, այստեղ գեղեցիկ ու անվտանգ է: Բայց խնդրում ենք, մի խանգարեք մեզ անել այն, ինչ մենք անհրաժեշտ ենք համարում, քանի որ շատ բաներ չեք հասկանում»:

big_1477026723_9410715

Եվ այնուհանդերձ, ո՞վ պետք է փոխի Ձեր նկարագրած մոդելը: 

– Կարծում եմ՝ տվյալ իրավիճակի գլխավոր մարտահրավերը երկրի նախագահի համար է: Եվ մենք տեսնում ենք, որ նա սկսել է փոփոխություններ կատարել՝ Կարեն Կարապետյանին նշանակելով վարչապետի պաշտոնում: Այդ նշանակումը ստատուս-քվոյի լուրջ փոփոխություն է և առաջին քայլն է մոդելի ու էլիտայի փոփոխության ուղղությամբ:

Այլ լուրջ հարց է Սփյուռքի դերը, նրա տեղն ու ներգրավվածությունը Հայաստանում: Նման երկխոսություն սկսելը դյուրին գործ չէ, քանի որ Հայաստանի ու Սփյուռքի էլիտաները, ցավոք, դեռ լիարժեք պատրաստ չեն դրան:

Թեև անկախ Հայաստանը ամբողջ աշխարհի հայության մեծագույն երազանքն է եղել, տարբեր երկրներում բնակվող հայ էլիտաները չկարողացան ինքնակազմակերպվել և, մի քանի բացառություններից բացի, չտեղափոխվեցին Հայաստան, ինչպես նախորդ դարի 20-ականներին դա արեցին շատ մեծ հայեր: Իսկ այն ժամանակ այստեղ կյանքի պայմանները շատ ավելի վատն էին, քան այսօր:

Ինձ համար ակնհայտ է, որ Սփյուռքի ու Հայաստանի հայերի միջև հարաբերությունները չեն կարող մնալ այն մակարդակի վրա, ինչ այս 25 տարիների ընթացքում:

Ձեզ դժվար է մեղադրել պասիվության մեջ՝ Դուք շատ բաներ եք անում Հայաստանում և Հայաստանի համար: Այնուհանդերձ, նախագահի ու վարչապետի ջանքերին աջակցելու առումով Ձեզնից նոր քայլեր պե՞տք է ակնկալենք: Արդյոք պատրա՞ստ եք ներգրավվել խնդիրների լուծման գործընթացում՝ կիրառելով Ձեր մտավոր ռեսուրսներն ու լայն կապերն աշխարհում: 

– Նման ինտելեկտուալ բանավեճում տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց ներգրավվածության մասին որոշումը պետք է կայացնեն երկրի ղեկավարները: Ես կարող եմ ասել, որ IDeA հիմնադրամը արդեն առավելագույնս ներգրավված է իրականացվող քայլերին աջակցելու հարցում:

Մենք կարծում ենք, որ վարչապետին ու նրա թիմին աջակցությունն այլընտրանք չունի: Մենք երկրորդ հնարավորություն չենք ունենալու: Կառավարության նոր ծրագրի հաստատումից հետո պետք է անհապաղ անցնել դրա իրականացմանը: Եվ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր մտավոր, ֆինանսական, կազմակերպչական և կադրային ռեսուրսներով՝ շատ լավ գիտակցելով, որ ծրագիրն ուղղված է կարճաժամկետ խնդիրների լուծմանը և չի կարող արտացոլել անհրաժեշտ համակարգային փոփոխությունների ամբողջ ծավալը:

Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել է Արա Թադևոսյանը

Ամբողջությամբ՝ mediamax.am



Նման նյութեր