2050 թվականին էլեկտրամոբիլները կսպառեն աշխարհում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալի մինչև 9 տոկոսը: Այդ մասին հայտնել է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով գործակալությանը պատկանող New Energy Finance ընկերության զեկույցին, որն զբաղվում է էներգետիկայի ոլորտի իրադրության վերլուծությամբ:
Ներկայում էլեկտրամոբիլներին բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի համաշխարհային սպառման, որը հասնում է 20 հազար տերավատտ/ժամի, մոտավորապես 0,2 տոկոսը, նշվում է զեկույցում: Սակայն կուտակչային մարտկոցների գների կանխատեսվող կտրուկ անկման կապակցությամբ՝ 2030 թվականին երկու երրորդով` գների ներկայիս մակարդակի համեմատությամբ, էլեկտրամոբիլները կդառնան ավելի մատչելի և, հետևաբար, դրանց կողմից էլեկտրաէներգիայի սպառումը կաճի:
Էներգասպառման աճի վրա ազդեցություն կգործի նաև էներգետիկական ընկերությունների քաղաքականությունը, որոնք ավելի ցածր սակագների օգնությամբ կխրախուսեն սպառողներին, որ նրանք իրենց էլեկտրամոբիլները լիցքավորեն այն ժամանակահատվածում, երբ Էներգասպառման մակարդակն իջնում է: Զեկույցը կազմողների կարծիքով, 2050 թվականին աշխարհում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կհասնի 40 հազար տերավատտ/ժամի:
«Մարտկոցների գներն ավելի արագ են նվազում, քան մենք սպասում էինք,- նշել է էներգետիկական շուկաների խնդիրների նյույորքցի փորձագետ Սալիմ Մոսբին՝ մեկնաբանելով զեկույցը: -Մարտկոցների գների նվազման հետևանքով կաճի էլեկտրամոբիլների պահանջարկը»: Fortune հանդեսի տվյալներով՝ 2017 թվականին աշխարհում կար մոտավորապես 2 մլն էլեկտրամոբիլ, և դրանց 95 տոկոսը գտնվում էր տասը երկրում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Կանադայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում և Շվեդիայում: 2020 թվականին աշխարհում դրանց թիվը կարող է հասնել 9-20 միլիոնի, իսկ 2025 թվականին՝ 40-75 մլիոնի: