Փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) մասին Հայաստանում շատ է խոսվում։ Սակայն համոզված կարելի է պնդել, որ թե՛ ներկա, թե՛ նախկին պաշտոնյաները հստակ պատկերացում չունեն՝ իրականում ինչ վիճակում է ՓՄՁ ոլորտը, քանի տնտեսվարող սուբյեկտներ կան իրականում, ՀՆԱ-ի որ տոկոսն են ապահովում և այլն։ Ավելին, շատերը նույնիսկ չգիտեն՝ ինչ ասել է՝ ՓՄՁ, որ ընկերություններն են համարվում գերփոքր, փոքր կամ միջին։
Այս առումով բավականին արժեքավոր են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող գործարարության աջակցության գրասենյակի վերլուծությունները, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել Հայաստանի ՓՄՁ ոլորտի իրական վիճակի մասին։ Գրասենյակն օրերս հրապարակել է նոր վերլուծություն՝ «ՓՄՁ-ի դերը Հայաստանի տնտեսության մեջ. 2017», որից առավել ուշագրավ փաստերը կներկայացնենք այս հոդվածում։
Մինչ առաջ անցնելը՝ նախ պարզաբանենք, ինչ ասել է՝ ՓՄՁ։ Տարբեր հրապարակումներում, զեկույցներում և ելույթներում ՓՄՁ-ն սխալմամբ նույնացվում է շրջանառության հարկ վճարողների հետ։ Սակայն դասակարգման չափանիշերը, որոնք սահմանվում են «Փոքր և միջին ձեռնարկություններին պետական աջակցության մասին օրենքով», հետևյալն են.
Գերփոքր ձեռնարկություններ՝ մինչև 10 աշխատող և նախորդ տարվա հասույթը կամ ակտիվների մնացորդային արժեքը նախորդ տարվա վերջի դրությամբ՝ 100 մլն դրամից պակաս:
Փոքր ձեռնարկություններ՝ մինչև 50 աշխատող և նախորդ տարվա հասույթը կամ ակտիվների մնացորդային արժեքը նախորդ տարվա վերջի դրությամբ՝ 500 մլն դրամից պակաս։
Միջին ձեռնարկություններ՝ մինչև 250 աշխատող և նախորդ տարվա հասույթը կամ ակտիվների մնացորդային արժեքը նախորդ տարվա վերջի դրությամբ՝ 1.5 մլրդ դրամից պակաս։
Քանի՞ ՓՄՁ կա՝ ըստ այս չափանիշերի։ Նշված վերլուծության համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում գործել է 82209 ՓՄՁ կազմակերպություն, որից 76615-ը (կամ ակտիվ հարկատուների 72%-ը) գերփոքր ընկերություններն են, 4570-ը (կամ ակտիվ հարկատուների 4%-ը)՝ փոքր ընկերությունները, 1024-ը (կամ ակտիվ հարկատուների 1%-ը)՝ միջին ձեռնարկությունները։
Այստեղ հատուկ ընդգծենք, որ «ակտիվ հարկատուներ» շեշտադրումը շատ կարևոր է՝ իրավիճակը հասկանալու համար։ Բանն այն է, որ Հայաստանում՝ պետռեգիստրի տվյալների համաձայն, կա մոտ 180 հազար գրանցված հարկատու տնտեսվարող, սակայն նրանցից 106.6 հազարն են ակտիվ հարկ վճարողներ (ակտիվ հարկ վճարողներ են համարվում այն տնտեսվարողները, որոնք նախորդ երկու եռամսյակներում հաշվետվություններ են ներկայացրել հարկային մարմիններին)։
Ստացվում է, որ ՓՄՁ ընկերությունները (գերփոքր, փոքր և միջին) կազմում են ակտիվ հարկ վճարողների 77%-ը։ Այսինքն՝ Հայաստանում գործող յուրաքանչյուր 5 ընկերությունից 4-ը ՓՄՁ է։
Սակայն ՓՄՁ-ների քանակը մի բան է, նրանց դերը տնտեսության մեջ՝ մեկ այլ բան։ Ըստ վերլուծության՝ այս 77% ՓՄՁ ընկերությունները միասին ապահովել են Հայաստանի ՀՆԱ-ի 34.4%-ը։
Մասնավորապես, ինչպես տեսնում եք 1-ին գծապատկերում, 72% գերփոքր հարկատուները 2017 թվականին ապահովել են ՀՆԱ-ի ընդամենը 11%-ը։ 4% փոքր հարկատուները ապահովել են ՀՆԱ-ի 12%-ը, 1% միջին հարկատուները՝ 12%-ը։ ՀՆԱ-ի մեծ մասը՝ 65%-ը, ապահովվել է 23% այլ (խոշոր) ընկերությունների շնորհիվ։
Ամբողջությամբ՝ b4b.am