«Ոսկե ծիրանի» բացման և փակման արարողությունները հարուստ կլինեն անակնկալներով
Advertisement 1000 x 90

«Ոսկե ծիրանի» բացման և փակման արարողությունները հարուստ կլինեն անակնկալներով

Հոբելյանական «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման և փակման հանդիսավոր արարողություններն առաջին անգամ կանցկացվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այս կարևոր հանգամանքը հնարավորություն կտա ավելի մեծ թվով արվեստասերների հյուրընկալել այդ կարևոր արարողություններին:

Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց «Ոսկե ծիրանի» բացման և փակման արարողությունների ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:

«Հուլիսի 8-ին` փառատոնի բացմանը, կփակվի Ֆրանսիայի հրապարակի մի մասը, կլինի կարմիր գորգ: Հյուրերը համերգասրահ կմտնեն «Գողթ» խմբի երաժշտական կատարումների ներքո: Դահլիճում արվեստասերները կհայտնվեն կինոյի աշխարհում: Երաժշտական մասը կապահովի «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Ծրագրի առաջին մասը կվարեն Վիգեն Չալդրանյանն ու Հասմիկ Պապյանը, իսկ երկրորդ մասը` երիտասարդ կինոգործիչները»,- նշեց Մովսիսյանը և հավելեց, որ 15 տարի շարունակ կինոփառատոնը Երևանն ավելի է գեղեցկացնում, հարստացնում և մեծացնում կինոյի սիրահարների թիվը:

Անդրադառնալով փակման արարողությանը` նա շեշտեց, որ այն տեղի կունենա հուլիսի 15-ին: Այդ օրը կհայտարարվեն մրցանակակիրների անունները. խոսքի տարափը կգերազանցի երաժշտությանը:

Փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի կինոռեժիսորներ Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի և Արա Վահունու հիշատակներին՝ ռեժիսորների 80-ամյակների կապակցությամբ: Ավանդույթի համաձայն` Շառլ Ազնավուրի հրապարակում կտեղադրվեն նրանց պատվո աստղերը: