71-ամյա դերասանուհի Սյուզեն Սարանդոնը հայտնվել է ձերբակալված ցուցարարների թվում, որոնք հունիսի 28-ին Վաշինգտոնում բողոքում էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական միգրանտների ընտանիքների բաժանման քաղաքականության դեմ: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:
«Ձերբակալված եմ: Եղեք ուժեղ: Շարունակեք պայքարել»,- գրել է Սարանդոնը:
Հինգշաբթի մի քանի հարյուր կանայք ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնական փողոցներով անցել են դեպի Կապիտոլիում՝ բողոքելով միգրանտների ընտանիքների բաժանման Թրամփի քաղաքականության դեմ: Ինչպես նշել են ԶԼՄ-ները, Կոնգրեսի տարածքում հանրահավաքի մասնակիցները «քաղաքացիական անհնազանդության ակտ են կատարել»: Արդյունքում՝ ձերբակալվել է 575 ցուցարար: Օրվա վերջին բոլոր իրավախախտներին բաց են թողել: