Բարձր ջերմաստիճանի պատճառով գրանցվել են գազաբալոնների պայթյուններ. ԱԻՆ
Advertisement 1000 x 90

Բարձր ջերմաստիճանի պատճառով գրանցվել են գազաբալոնների պայթյուններ. ԱԻՆ

Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչ հուլիս 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ, իսկ հուլիսի 6-ից ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նշել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը:

ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարեց շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել և ներկայացնել առաջարկություններ՝ հրդեհների կանխարգելման ու վերահսկողության ուղղությամբ, ինչպես նաև՝ ակտիվացնել տեղեկատվական աշխատանքները բնակչության շրջանում՝ ուշադրություն դարձնելով բնության գրկում հանգստի կազմակերպման վարքականոններին:

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրնն իր զեկույցում նույնպես անդրադարձավ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված արտակարգ պատահարներին: Վ. Գևորգյանը նշեց, որ հնարավոր են և արդեն գրանցվել են գազաբալոնների պայթյուններ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շահագործվող գազաբալոնների մոտ 60% խորհրդային արտադրության է և հենց այդ գազաբալոններն էլ գտնվում են ռիսկային խմբում: