Մայր Աթոռի կողոպուտը. Արշալույս Զուրաբյան
Advertisement 1000 x 90

Մայր Աթոռի կողոպուտը. Արշալույս Զուրաբյան

Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.

«1804 թ․ հունիսին Ցիցիանովի գլխավորած զորամասերն ուղղություն վերցրին Արարատյան դաշտ՝ նպատակ ունենալով պարսիկներից գրավել Երևանի բերդը։ Սա ռուսական բանակի Երևանյան առաջին արշավանքն էր։

Հայերը, հավատալով հայոց պետականության վերականգնման ռուսների շռայլ խոստումներին՝ մեծապես օգնեցին նրանց: Էջմիածնի միաբանությունը սննդամթերքի հսկայական պաշարներ տրամադրեց պարենի կարիք ունեցող, թիկունքից կտրված ռուսական բանակին։ Ստեղծվեցին հայկական կամավորական հեծյալ խմբեր, որոնք ակտիվորեն ներգրավեցին պատերազմական գործողությունների մեջ՝ կռվելով Ցիցիանովի զորաբանակի առաջին շարքերում։

1804-ի հունիսի 30-ին ռուսները Էջմիածնի մատույցներում ջարդեցին Ֆաթհ Ալի շահի որդու՝ պարսից թագաժառանգ Աբաս Միրզայի զորքերին, ապա մոտեցան Երևանին։ Բերդի պաշարումը տևեց երկու ամիս՝ հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 2-ը։ Պարսիկների դիմադրությունը կոտրել չհաջողվեց և Ցիցիանովն ստիպված հրամայեց նահանջել Թիֆլիս։ Նահանջի ճանապարհին ռուսները կողոպտեցին Սբ․ Էջմիածինը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցին (1801-1808) գրում է․ «Եվ այն ինչ մտաք աստ այնպես տապալեալ և քայքայեալ, որ տեսողաց ամենից զսոսկումն և զդառնադառն կսկիծ և մորմոք առ բերեր ի սիրտս»։

Եկեղեցու դռները կոտրված էին, գանձեր գտնելու նպատակով պատ ու հատակ քանդված, շատ բան անարգված ու ջարդուփշուր արված, սուրբ մասունքներն աղբի հետ խառնված։ Ռուսական բանակն ինչ գտել՝ թալանել էր, տարել էր ոչ միայն թանկարժեք իրերը, ոսկեղենն ու արծաթեղենը, այլև միաբանների ուտելիքը, հագուստները, նույնիսկ նրանց համեստ կահ-կարասին, ինչպես կաթողիկոսն է գրում, «ոչ ուտելոյ բան էին թողեալ մեզ, ոչ նստելոյ և ոչ ագանելոյ»։

Այս կողոպուտից մի քանի օր անց, քաջատեղյակ լինելով, որ հայության մի ստվար հատվածի համակրանքը ռուսների կողմն է, Էջմիածին է այցելում Իրանի Ֆաթհ Ալի շահը, որը երեք օր մնալով այնտեղ, ոչ միայն եկեղեցին է կարգի բերում, այլև տեսնելով ռուսների հասցրած վնասի չափը՝ հրամայում է, որ կաթողիկոսարանն ու Վաղարշապատն առժամանակ ազատվեն հարկերից։

1805 թ․ մարտին, Շիրակը (Շորագյալի սուլթանություն) գրավելուց հետո, Էջմիածին է հասնում գեներալ Նեսվետաևի ռուսական զորամասը։ Նա երեք օր մնում է վանքում։ Մինաս Լազարյանին երկու հայ հոգևորականների գրած նամակից տեղեկանում ենք, որ գեներալը փնտրում-գտնում է վանքի թաքստոցները․ «բացեալ զամենայն զդրունս ծածուկ սենեկաց սրբոյ Աթոռոյն, ժողովեն զամենայն զօր ինչ գտանի, ուղղ ու ծուծն թալանեն»։

Տանում են ամբողջ զարդեղենը, գոհարեղենը, հոգևոր արարողությունների սպասքն ու հոգևորականների թանկարժեք, ոսկեկար հագուստները: Վանքն այսպեսի կողոպուտի վաղուց չէր ենթարկվել»։