Տեստոստերոն հորմոնի մակարդակի նվազման 9 նշան
Advertisement 1000 x 90

Տեստոստերոն հորմոնի մակարդակի նվազման 9 նշան

Տեստոստերոնն արական սեռական հորմոն է: Այն նպաստում է արական սեռի զարգացմանը և ձևավորում է արական սեռական  հատկանիշները: Տեստոստերոնի ազդեցությամբ է տեղի ունենում սպերմատոզոիդների արտադրությունը, սեռական ցանկության առաջացումը, մազակալումը, մկանային հյուսվածքի զարգացումը և այլն:

Արական սեռի ձևավորմանը տեստոստերոն հորմոնը մասնակցում է սաղմի զարգացման վաղ փուլերից: Տեստոստերոն հորմոնը նպաստում է նույնիսկ ուղեղի «արականացմանը»: Բացի այդ տեստոստերոնի քանակի տատանումները կարող են ազդել ոչ միայն սեռական հատկանիշների վրա: Դրա ավելցուկը երեխայի մոտ կարող է դրդել աուտիզմի զարգացում, իսկ տարեց հասակում ցածր քանակը կարող է Ալցհեյմերի հիվանդության զարգացման նախապայման դառնալ:

Տեստոստերոն հորմոնի մակարդակը գագաթնակետին է հասնում պատանեկության և վաղ հասունության շրջանում: Հորմոնի արտադրության կտրուկ բարձրացում նկատվում է դեռահասության շրջանից սկսած, երբ սկսում են նկատվել սեռական զարգացման առաջին նշաները՝ ձայնի փոփոխություն, մազակալման ավելացում և այլն:

18-30 տարեկանում տեստոստերոն հորմոնի նորմաներն այսպիսին են`

Ընդհանուր տեստոստերոն (նմոլ/լ) 12 – 33
Կենսամատչելի տեստոստերոն (նմոլ/լ) 3,5 – 12
Ազատ տեստոստերոն (պգ/մլ) 4,5 – 42

30 տարեկանից հետո արական սեռական հորմոնի մակարդակը սկսում է նվազել`  յուրաքանչյուր տարի մոտ 1%-ով: 

mymed.am -ը խորհուրդ է տալիս ներկացվող նշանների դեպքում խորհրդակցել բժշկի հետ:

  1. Սեռական ցանկության նվազում

Տեստոստերոնը ունի առանցքային դեր լիբիդոյի ձևավորման գործում: Սեռական ցանկության նվազում նկատելիս խոսեք բժշկի հետ:

  1. Էրեկցիայի առաջացման դժվարություն

Արական հորմոնը նպաստում է էրեկցիայի առաջացմանը և պահպանմանը սեռական հարաբերության ժամանակ: Հատկանշական է, որ էրեկցիայի ապահովման համար միայն տեստոստերոնը բավարար չէ: Հետազոտությունները ցույց են տվել, որ էրեկտիլ դիսֆունկցիայի նախապայմանները շատ են: Դրանցից են` շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, վահանագեղձի հիվանդությունները, ճարպակալումը, սթրեսը, դեպրեսիան: Մեծ ազդեցություն ունեն նաև վնասակար սովորությունները (ծխել, ալկոհոլի չարաշահում, սակավաշարժություն):

  1. Սերմի քիչ քանակ

Արական սեռական հորմոնի քանակի անկումը հանգեցնում է սերմի քանակական ցուցանիշի վրա: Բացի այդ ազդում է նաև սպերմատոզոիդների շարժունակության վրա:

  1. Մազածածկույթի նոսրացում

Ցածր տեստոստերոնը հանգեցնում է մարմնի և դեմքի առկա մազածածկույթի նոսրացմանը: Բացառություն է գլխի մազածածկը, որն այս դեպում (եթե առկա է ճաղատություն) խտանում է:

  1. Քրոնիկական հոգնածություն

Քրոնիկական հոգնածության և էներգիայի անկման պատճառը նույնպես կարող է լինել տեստոստերոնի քանակի նվազումը: Այս դեպքում նկատվում է դյուրհոգնելիություն, քնկոտություն, մոտիվացիայի նվազում:

  1. Մկանային զանգվածի նվազում

Օրգանիզմում տեստոստերոնը նպաստում է մկանային զանգվածի ավելացմանը: Դրա քանակի պակասումը հանգեցնում է մկանային զանգվածի թուլացման և նվազման:

  1. Ճարպակալման ավելացում

Արական սեռական հորմոնի պակասը պայմանավորում է նաև նյութափոխանակային խանգարումներ՝ հանգեցնելով ճարպակալման: Տեստոստերոնի և էստրոգենների հավասարակշռության խախտումը կարող է տղամարդկանց մոտ պատճառ դառնալ կրծքագեղձերի մեծացման` գինեկոմաստիայի:

  1. Ոսկրային հյուսվածքի խտության նվազում

Օստեոպորոզն առավել հաճախ բնորոշ է կանանց, հատկապես դաշտանադադարի շրջանում, երբ էստրոգենների քանակը նվազում է: Տղամարդկանց մոտ ոսկրային հյուսվածքի կազմավորմանը և ամրության պահպանմանը նպաստում է տեստոստերոնը: Հորմոնի պակասը հանգեցնում է ոսկրերի փխրունության:

  1. Տրամադրության փոփոխություններ

Առավել հաճախ տեստոստերոնի ցածր մակարդակը կարող է հանգեցնել սթրեսներին դիմակայելու դժվարացման, հաճախակի դեպրեսիաների, անուշադրության, աշխատանքի վրա կենտրոնանալու դժվարությունների:

mymed.am