Հանձնաժողովն առաջարկում է` թող ամեն ինչ բաժանվի մրցույթով, և թող այդ մասին բոլորն իմանան, ոչ թե միայն «յուրայինները»։
Ո՞վ պետք է ոսկի արդյունահանի, ո՞վ պաղպաղակ վաճառի, և ո՞վ սպասարկի դպրոցի ճաշարանը։ Պետությունը պետք է այդ թույլտվությունները տրամադրի բաց և մրցույթով։ Այդ մասին ասվում է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի առաջարկներում, որոնք ներկայացվեցին հուլիսի 6-ի նիստում։
Օրինակ` եթե ինչ-որ մեկը «աչք է դրել» ոսկու հանքի վրա և հասցրել է առաջինը հանքախուզության հայտ ներկայացնել, ապա նա էլ կստանա արտոնագիր։ Եվ միայն մեկ տարի հետո, եթե պարզվի, որ այն լավ չի աշխատել (օրինակ` ավելի քիչ է հետախուզել, քան խոստացել է), արտոնագիրը կարող են հետ վերցնել։
«Բայց ինչու սպասել մեկ տարի, եթե կարելի է մրցույթ հայտարարել։ Թող բոլորն իմանան, որ նման հանք կա, որը պետությունը ցանկանում է հանձնել շահագործման։ Թող հայտեր ներկայացնելու ժամկետ լինի։ Եվ թող բոլոր ցանկացողները կարողանան հայտ ներկայացրել, այլ ոչ թե նրանք, ովքեր ժամանակին են իմացել այդ մասին։ Ով պետությանն ավելի մեծ գին առաջարկի շահագործման համար, թող նա էլ աշխատի։ Իհարկե, եթե հետևի բնապահպանական բոլոր պահանջներին», — բացատրեց ՏՄՊՊՀ վերլուծական վարչության պետ Գնել Ալավերդյանը։
Բնականաբար, հարցը վերաբերում է ոչ միայն հանքերին։ Ցանկանո՞ւմ ես ծաղիկներ կամ պաղպաղակ վաճառելու կետ դնել բանուկ տեղում։ Օրինակ` Մաշտոցի պողոտայում կամ «Ռոսիա» կինոթատրոնի մոտ, բայց այնտեղ ամեն ինչ արդեն զբաղվա՞ծ է։ Ո՞վ է զբաղեցրել և ինչպե՞ս։
«Մենք կարծում ենք, որ պետությունը պետք է այստեղ էլ հայտարարի, թե ինչ կետեր է դնում մրցույթի։ Թող այդ մասին իմանան առևտրային բոլոր ընկերությունները, և թող մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնեն։ Ով ավելի շատ առաջարկի, թող նա էլ հաղթի», — ասաց Ալավերդյանը։
Բայց ինչ է նշանակում շատ կամ քիչ։ Չէ՞ որ օգտակար հանածոներ արդյունահանելու կամ Սևանում ձուկ բռնելու համար հարկը, քաղաքապետարանի տուրքը բոլորի համար նույնն են։ Բայց ՏՄՊՊՀ-ն առաջարկում է փոխել դա։
«Ճիշտ է` հիմա հարկերը բոլորի համար նույնն են։ Իսկ մենք ուզում ենք առաջարկել, որ դրանք որոշվեն մրցույթով։ Այդ դեպքում աշխատանքի հնարավորությունները հայտնի կլինեն բոլորին, իսկ մրցակցությունը կօգնի ստանալ ավելի շահավետ պայմաններ», — ասաց Ալավերդյանը։
Առաջարկում են բաց մրցույթները հաստատել ամենուրեք, որտեղ հնարավոր է, ընդհուպ մինչև դպրոցի ճաշարաններ։
Հանձնաժողովն արդեն արել է համապատասխան առաջարկներ և ուղարկել դրանք բոլոր շահագրգիռ գերատեսչությունների դիտարկմանը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տնտեսական զարգացման, բնապահպանության, ֆինանսների նախարարություններ։